Ելույթ ՀՀՇ XVI համագումարում

Հարգելի կուսակիցներ, հյուրեր։

Այսօրվա Հայաստանում, վերջին տասնամյակում ձեւավորված ռեժիմի օրոք, բանտում նստելը՝ քաղբանտարկյալ լինելը պատիվ է յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել եւս, քաղաքական գործչի համար։ Այդ մասին է վկայում մեր հասարակության սերը, ջերմ ու հարգալից վերաբերմունքը նախկին ու ներկա քաղբանտարկյալների նկատմամբ։

Նորմալ մարդը, պատվախնդիր քաղաքացին չէր կարող անտարբեր մնալ երբ ԺԷԿ-ի կեղծ տեղեկանքով, շինծու ընտրություններով ու խորհրդարանական սպանդով յուրացվում էր իշխանությունը, երբ հանցավոր տգիտության, չտեսության ու անսպառ ընչաքաղցության պատճառով հայաթափ էին արվում Հայաստանն ու Արցախը ու հազարավոր զոհերի եւ ծանր զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակը վերածվում էր քաղաքական խայտառակ պարտության, երբ անխնա թալանվում էր պետական ունեցվածքը, սեփական երկրում կեղեքվում ու նվաստացվում էր քաղաքացին։

Չեր կարող հանդուրժել, որ հերթական խայտառակ ընտրություններով այս ամենը շարունակելու էստաֆետը փոխանցվեր այս ամենին մեղսակից մեկին։

Համաձայնեք, որ այս իրավիճակում բնականը ընդվզելն ու պայքարելն էր, ու փառք Աստծուն, որ մեր ժողովուրդը երբեք չհամակերպվեց ռեժիմի հետ ու այս տարիների ընթացքում օգտագործեց ցանկացած առիթ պայքարը շարունակելու համար։

Այ մենք ասում ենք, եւ դա անկասկած այդպես է, որ 2008թ. Մարտի 1-ից հետո Հայաստանի համար աննախադեպ ծավալների քաղաքական հետապնդումներ ու հալածանքներ եղան, հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, շարժման ակտիվիստները հազարներով բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ, զրկվեցին աշխատանքից, ունեզրկվեցին եւ այլն։ Սա, իհարկե, ռոբասերժական ռեժիմի զարհուրելի հանցագործությունն է ու, համոզված եմ, որ այս երկու սուբյեկտները եւ իրենց սպասավորները դեռ պատասխան են տալու դրա համար։

Բայց եկեք մեկ այլ տեսանկյունից նայենք այս երեւույթին։ Եթե աննախադեպ են եղել հալածանքները, ուրեմն աննախադեպ է եղել պայքարի ելածների թիվը, աննախադեպ է եղել հանցավոր ռեժիմից օր առաջ Հայաստանը ազատելու նրանց վճռականությունը։ Աննախադեպ է եղել ոգեւորությունն ու հավատը նոր՝ արդար Հայաստանի նկատմամբ։ Սա է ստիպել ռեժիմին գնալու սպանությունների, հարյուրավոր անմեղ մարդկանց շինծու մեղադրանքներով բանտերկելուն՝ որով նոր խայտառակություն ու նոր պատուհաս բերեցին իրենց գլխին։

Նոր պատուհաս, որովհետեւ աննախադեպ էին նաեւ մեր քաղբանտարկյալների ցուցաբերած քաղաքական հասունության ու անկոտրում կամքի դրսեւորումները, որոնց առջեւ ընկրկելով ռեժիմը ստպված եղավ ողորմելի ու նվաստացուցիչ գործընթացների մեջ մտնելով ազատ արձակել քաղբանտարկյալների մեծ մասին։

Նույն անկոտրում կամքն ու հանուն հայրենիքի ինքնազոհության պատրաստակամությունն են դրսեւորում դեռ բանտերում՝ անազատության մեջ պայքարող ու տառապող մեր հերոս ընկերները։

Եկեք այսօր մենք, համագումարի մասնակիցներս, փառք ու պատիվ տալով, հարգանքի մեր տուրքը մատուցելով մեր հերոս ընկերներին, եւս մեկ անգամ հավաստենք հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման, օրինականության հաստատման ու սերժառոբական ավազակային, հակապետական ռեժիմի վերացման մեր պայքարը շարունակելու վճռականությունը։

Այս պայքարը դեռ նոր զրկանքներ եւ զոհողություններ կարող է պահանջել մեզանից եւ մենք ՀՀՇ անդամներս մեր կուսակցության պետականաստեղծ պատմությամբ եւ մեր դավանած ազատական-ժողովրդավարական համոզմունքներով պարտավորված ենք այդ պայքարի առաջին շարքերում լինել։

Այդ պարտավորվածության զգացումով պիտի ՀՀՇ-ն շարունակի իր կուսակցական գործունեությունը  եւ վերջապես իր ներուժին սազական համարձակ նախաձեռնող-պայքարողի դեր ստանձնի Հայ Ազգային Կոնգրեսի մեջ։

Երեւան,

17.06.2010թ.

Related Posts

0 Comments

  1. Հարգելի պ-ն Ռուբինյան,

    Շատ ցավում եմ Ձեր ընդունած որոշման համար. Դուք հաստատ ՀՀՇ-ի առողջ հատվածի հազվագյուտ ներկայացուցիչներից մեկն էիք:

    Սա ասելով, սակայն, պետք է զարմանքս հայտնեմ, քանի որ շատ լավ եմ հիշում 1995 թվականի ՀՀՇ համագումարը, շատ լավ եմ հիշում թե´ Լեւոնի մուտքը դահլիճ, թե´ օավցիան, եւ թե´ «Հանրապետություն» բլոկը, որ այդ ժամանակ ՀՀՇ-ն սարքեց: Չեմ խոսում 95-ի ու 96-ի ընտրությունների մասին… Ինչո՞ւ, այն ժամանակ, մնալով ՀՀՇ շարքերում, հիմա որոշեցիք դուրս գալ կուսակցությունից: Մանավանդ, որ չէիք ընտրվել Վարչության կազմում, իսկ նման քայլը կարող է նեղացածության տպավորություն թողնել:

    Ամեն դեպքում` համոզված եմ, որ ինչպես կայիք պայքարող, այդպես էլ մնալու եք, ինչպես միշտ` ամենաբաց մտածողներից մեկը Հայ ազգային կոնգրեսում:

    Ջերմորեն,
    Արամազդ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *