Ելույթ հանրահավաքում

KR_mitingԲարեւ, սիրելի ժողովուրդ:
Եթե այս ընտրությունները սովորական, շարքային ընտրություններ լինեին, ես կգերադասեի խոսել Շենգավիթի ու շենգավիթցու հոգսերի մասին: Մանրամսն կներկայացնեի մանր ու մեծ չլուծված պրոբլեմների այն կույտը, որը չի թողնում, որ մենք ազատ, երջանիկ ու հպարտ ապրենք մեր սիրելի քաղաքում: Մեկ առ մեկ կնշեի տարիներ շարունակ ջրի կարոտ մնացած թաղամասերը, մատնացույց կանեի ավերված պուրակներն ու այգիները, կխոսեի չգործող համատիրությունների մասին ու անպայման անդրադարձ կանեի մեր մրցակիցներին, գործող եւ նախկին թաղապետներին, քաղաքապետներին:
Հավատացեք, զվարճալի շատ խոսքեր կգտնեի կարկառուն հանրապետականներ Չոռնի Գագոյի, Կադիլակ Սերոժի կամ նրան թաղապետությունը հանձնած թէ վաճառած Կոշիկի Մարտինի “հայրենանվեր” գործունեությունը նկարագրելու համար:
Առանձին կանդրադառնայի “թագավորաց թագավոր”, “ազգային բարերար” Ծառուկյանի գործունեությանը: Քարուքանդ կանեի այս անզուսպ բարգավաճող գործչի փուչ թագավորությունն էլ, կեղծ բարերարությունն էլ:
Հետո երեւի հպանցիկ մի երկու խոսք կասեի Դաշնակցության լիդերների թշվառության կամ Օրինացի Արթուրիկի ստորության մասին:
Խոսելու, քննադատելու շատ բան կգտնեի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թվարկածս մարդիկ եւ ուժերը բնավ մեր մրցակիցները չեն: Սրանց պայքարն ընդամենը մեր երկրում իշխանությունը բռնազավթած հանցախմբի հովանու ներքո Երեւանի քաղաքապետի աթոռի համար է: Սրանք ուզում են պահպանել իրենց տաքուկ տեղերը եւ ժողովրդին թալանելու հնարավորությունը: Սրանք Քոչարյանի սպասավորներն էին,  երբ նա, կեղծելով ընտրությունները, խլում էր իշխանությունը ժողովրդի քվեն ստացած Կարեն եւ Ստեփան Դեմիրճյաններից: Երեկ ու այսօր նրանք Սերժի սպասավորներն են, վաղը, պետք լինի, կդառնան սատանայի սպասավորն էլ, միայն թե իրենց համար լավ լինի:
Այլ է մեր պայքարը, ժողովո’ւրդ: Հայ Ազգային Կոնգրեսի պայքարը հենց բուն քոչարյանասերժական հանցախմբի դեմ է: Երկրում ձեւավորված ամենաթողության եւ անարդարության մթնոլորտի դեմ է:
Եթե Երեւանի Ավագանում մեծամասնություն ստանալը եւ քաղաքապետի պաշտոնը ստանձնելը չեն ծառայելու մեր համազգային պայքարին, չեն նպաստելու մեր երկրում սահմանադրական կարգի հաստատմանը, չեն հանգեցնելու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ու ավազակապետության կազմաքանդմանը, ապա մեզ պետք չեն ո’չ քաղաքապետի աթոռը, ո’չ էլ ավագանու տեղերը:
Կրկնում եմ: Մեր պայքարը քաղաքապետի աթոռի համար չէ: Մեր պայքարը երկիրը քոչարյանասերժական ավազակախմբից ազատագրելու եւ Ձեզ` Հայաստանի քաղաքացիներիդ, վերադարձնելու համար է: Մեր մարդիկ ցանկություն չունեն պաշտոնավարելու ավազակապետության ներքո: Հավատացնում եմ Ձեզ` եթե այդքան անսկզբունք ու ստորաքարշ լինեինք, վաղուց Սերժի գրպանում մի-մի տաքուկ տեղ գտած կլինեինք մեզ համար:
Բայց եթե այս ընտրությունները մեզ համար միայն միջոց են ավելի կարեւոր խնդիր լուծելու համար, նշանակու՞մ է արդյոք, որ հաղթելու դեպքում, մենք տապալելու ենք քաղաքապետարանի աշխատանքը, աչքաթող ենք անելու Ձեր կենցաղային հոգսերը, չենք զբաղվելու Երեւանի բարեկարգմամբ կամ դադարեցնելու ենք աղբահանությունը: Կա՞ արդյոք նման ենթադրություն անելու համար հիմք, եթե դուք Գալուստ Սահակյանը կամ Շարմազանովը չեք:
Եթե ձեզանից որեւէ մեկը կարծում է, որ Հայ Ազգային Կոնգրեսը իր նախընտրական ցուցակում կամ դրանից դուրս չունի մի հազար համախոհ, որոնք Չոռնի Գագոներից կամ Կադիլակ Սերոժներից առնվազն տասը գլուխ բարձր չեն թե’ իրենց բանիմացությամբ, թե’ ազնվությամբ ու անկաշառությամբ, ուրեմն գնացեք եւ մաքուր խղճով ընտրեք վերջիններին: Իսկ եթե ոչ, ուրեմն համոզված եղեք, որ Ձեզ հետ միասին իսկապես մաքրելու ենք մեր երկիրը ու մաքրելը սկսելու ենք Երեւանից` բառիս եւ’ բուն եւ փոխաբերական իմաստներով:
Սիրելի’ շենգավիթցիներ.
Այն, որ մեր համայնքի ճնշող մեծամասնությունը համակրում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ հիմա էլ պատրաստ է իր ձայնը տալ նրա ղեկավարած Հայ Ազգային Կոնգրեսին երեւաց դեռ նախորդ ընտրություններում: Երեւում է եւ հիմա, երբ մեր ակտիվիստները այցելում են ձեզ ձեր բնակարաններում: Ասեմ ավելին. իրենց ձայնը վաճառողների 99%-ի համակրանքն էլ է մեր կողմը, Չոռնի Գագոյի համար 100% ցուցակներ կազմող ուսուցիչների ու բժիշկների համակրանքն ել է մերը:
Մենք մի խնդիր ունենք հիմա` մեր ալարկոտ կամ անտարբեր կամ հուսահատ բարեկամներին, հարեւաններին բերել ընտրության: Հասկացնել նրանց, որ որքան մեծ լինի ժողովրդի մասնակցությունը, այնքան կնեղանա կեղծիքների պատուհանը իշխանությունների համար:
Ի վերջո, նախորդ խայտառակ ընտրություններից հետո, աննախադեպ եւ զարհուրելի բաներ են տեղի ունեցել մեր երկրում: Հանցախումբը համարձակվել է կրակ բացել սեփական խաղաղ ժողովրդի վրա ու անպատիժ է մնացել մինչեւ հիմա: Հարյուր հազարավոր անմեղ մարդիկ հետապնդվել ու հալածվել են իրենց դիրքորոշման համար: Հարյուրավոր անմեղ մարդիկ բանտ են նետվել, դատապարտվել եւ նրանցից 50-ը դեռ տառապում են անազատության մեջ:
Եթե մենք` շենգավիթցիներս, չենք կորցրել մեր պատվախնդրությունը, չենք դադարել ձգտել ապահով ու արժանասպատիվ կյանքի մեր, մեր երեխաների ու թոռների համար, ապա այս ընտրությունների արդյունքով մի շառաչուն ապտակ պետք է հասցնենք քոչարյանասերժական հանցախմբին այս ամենի համար:
Դա կլինի շառաչուն ապտակ սեփական խաղաղ ժողովրդի վրա կրակող տականքին:
Շառաչուն ապտակ` անմեղ մարդկանց վրա գործ սարքող ու բանտ նետող ստահակին:
Շառաչուն ապտակ` ընտրակեղծարար-ղումարբազին:
Շառաչուն ապտակ` իր աթոռը փրկելու համար սեփական ժողովրդի շահերը թուրքին ծախող դավաճանին:
Այս հավաքական ապտակը մենք պարտավոր ենք տալ, հասնւմ է, եւ այն տալու համար յուրաքանչյուրիցս պահանջվում է ընդամենը մեկ բան` մայիսի 31-ին ընտանյոք, բարեկամներով, հարեւաններով գնալ ընտրատեղամաս եվ քվեարկել:
Եթե մենք այս ապտակը չտանք, ապտակելու ու նվաստացնելու են մեզ, ապտակելու ու նվաստացնելու են Հայաստանին, ինչպես հենց այս պահին Սերժի ապաշնորհության հետեւանքով անում են թուրքերը, ռուսները, ամերիկացիները ու զանազան մանր-մունր եվրապաշտոնյաները:
Սիրելի ժողովուրդ, մեր պայքարն արդարության համար է, մեր պայքարը ձեր եւ մեր արժանապատվության համար է; Մեր առաջնորդներն իմաստուն են ու բանիմաց, ու մենք հաղթելու ենք:
Ու մենք ունենալու ենք ազատ, անկախ Հայաստան:

Երեւան, Շենգավիթ համայնք,

Գարեգին Նժդեհի հրապարակ:

18.05.2009թ.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *