Մինչեւ Լիբանան գալս արաբերենի իմ իմացությունը սհմանափակվում էր հաբիբի (սիրելիս), շուքրան (շնորհակալություն) եւ խամսա (հինգ) բառերով: Առաջին երկուսը չեմ հիշում որտեղից գիտեի, իսկ վերջինը Ղարաբաղի Խամսայի մելիքությունների շնորհիվ: Հետո, իհարկե, շատ ծանոթ բառեր հայտնաբերեցի, որոնք օգտագործվում են նաեւ մեզ մոտ, բայց, կարծում էի, որ թուրքերենից են փոխառված: Դրանց դեռ կանդրադառնամ, իսկ հիմա առաջին արտահայտության մասին, որը գրավեց ուշադրությունս եւ մտածեցի սեռական բնույթի հայհոյանք է: Էլ ի՞նչ կարող էի մտածել երբ, թեկուզ ժպիտով, քեզ կամ կողքինիդ ասում են մերսիկտիր: Պարզվեց նշանակում է շատ շնորհակալ եմ ու ոչ թե մեր սիկտիր է, այլ մերսի քտիր, մերսին էլ մեզ հարազատ ֆրանսիական մերսին է: Մի խոսքով, շատ մերսի, ինչպես սիրում են ասել բուրջհամուդցի հայերը:
Մերսի քտիր-ի առիթով կիսվեմ նաեւ այստեղ գործածվող հայհոյանքների վերաբերյալ ինձ հայտնի դարձած տեղեկությամբ: Հետաքրքիր է, որ այստեղ հայհոյանքի թիրախ է հանդիսանում ոչ այնքան հայհոյանքի հասցեատիրոջ մայրը, որքան քույրը: Այսինքն, եթե մեզ մոտ շատ տարածված է “անբարոյականի զավակ” հայհոյանքը, ապա այստեղ դրա համարժեքը “անբարոյականի եղբայրն” է: Համապատասխանաբար թիրախի սիրասուն մայրիկի նկատմամբ ոտնձգությունները այստեղ փոխարինվում են թիրախի քույրիկի նկատմամբ նույնատիպ ակտով: Այս երեւույթի բացատրությունը դեռ չեմ գտել:
Փոխարենը բացահայտել եմ, որ արաբները վարունգին խիար են ասում, բայց դեռ չեմ պարզել կա, արդյոք, թարս աճած խիար հասկացությունը: Ի դեպ, բադրիջանին էլ համարյա մեզ պես բադինժան են ասում:
Ձեզ շատ ծանոթ եւ ատելի բառ նշեմ՝ ասքյար: Պարզվում է թուրքերը արաբերենից են փոխառել այս բառը ու ատելի թուրք ասքյարի փոխարեն կարող է լինել, այստեղ մեծ հարգանք վայելող, լիբանանցի ասքյարը: Բանակին եւ բանակայիններին այստեղ իսկապես հարգում են: Օրինակ վարորդները, երկրի ճանապարհներին տեղակայված բազմաթիվ բլոկ-պոստերին մոտենալիս, իջեցնում են լուսամուտի ապակին եւ հարգալից բարեւում ավտոմատավոր պարեկին՝ մարհաբա վաթան (բարեւ հայրենիք): Վաթանն էլ երեւի ինձ պես կարծում էիք թուրքերեն բառ է:
Հիմա վատ բան եմ ասելու, ե՛ւ հայաստանցիներիս, ե՛ւ լիբանանցիների հասցեին: Փնթի ենք ու փնթի են: Գուցե մայրաքաղաքները համեմատելիս Երեւանցիներն ավելի մաքրասեր դուրս գան, բայց երբ հիշում եմ, թե ինչպիսի խոզանոցի ենք վերածում Սեւանի ափերը, հավասարության նշանը հաստատուն է մնում: Ու, երեւի այդ է պատճառը, որ աղբին այստեղ էլ, մեզ մոտ էլ, զիբիլ են ասում:
Նշեմ, որ նույն անմաքրասիրությունն ունեն լիբանանցիները իրենց լեզվի նկատմամբ: Երեւի պատճառն այն է, որ զուտ արաբական դպրոց Լիբանանում համարյա չկա՝ բացի լեզու, պատմություն, աշխարհագրություն առարկաներից, մնացած բոլոր առարկաների ուսուցանումը կամ ֆրանսերեն է, կամ էլ անգլերեն: Ի դեպ, նույն պատկերն է հայկական դպրոցներում: Արդյունքում խոսակցական լեզուն լեցուն է անգլերենից ու ֆրանսերենից փոխառություններով: Բեյրութում ամեն քայլափոխի կարող ես լսել՝ բոնժուղ (բարեւ), յալլա բայ (լավ, ցտեսություն) եւ այլն: Յալլան, գիտեք, մենք էլ ենք երբեմն օգտագործում, “բայն” էլ անգլերեն ցտեսությունն է՝ bye: Շատ տարածված դիմելաձեւ է “սորրին” (sorry)` յանի ներողություն: Յանի բառն էլ նույն իմաստն ունի, ինչ խոսակցական հայերենում:
Մուալիմ բառը գիտեի ադրբեջաներենից՝ ուսուցիչ նշանակությամբ: Այստեղ դա տղամարդկանց դիմելու շատ տարածված ձեւ է, թարգմանվում է որպես վարպետ, բայց այդպես դիմում են նույնիսկ խանութի դեռահաս վաճառողին:
Իսկ գիտե՞ք ինչ են գոռում օրինախախտ վարորդի հետեւից զայրացած հետիոտները: Հայվեն, այսինքն հայվան, անասուն:
Խալաս (վերջ), այսօր այսքանը 🙂
Կ. Ռուբինյան
Անթիլիաս, 12.08.2014թ.
Խնդրում եմ առանց հեղինակի թույլտվության ոչ մի տեղ չհրապարակել: