Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը: Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասավածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաեւ իմ վճռականությունը` նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը:
Հայաստանում ձեւավորված ներկայիս մարդատյաց, հակաազգային, հանցավոր ռեժիմը հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է:
Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը:
Կարապետ Ռուբինյան
15.04.2011թ.
Պ-ն Ռուբինյան,
Մի հատ պարզ հարց եմ ուզում ձեզ տալ. Դուք մինչ օրս Կոնգրեսի որեւէ գործողության մասին կարող ե՞ք ասել, որ այն եղել է պետության շային դեմ, պետությանը թուլացնող:
Խնդրում եմ պատասխանեք:
Հարգանքով,
Արամազդ
Արամազդ, մեծ հաշվով ոչ, իհարկե: Բայց գործողությունից բացի կա նաեւ անգործություն: Եկեք զուտ տեսականորեն դատենք. եթե Կոնգրեսի ներկա ռազմավարության կիրառման արդյունքում հասնենք, ասենք, այսպիսի հանգրվանի` քաղբանտարկյալները ազատ արձակվեն ու ՀԱԿ-ի նախընտրական ցուցակից մի քսան հոգի հայտնվեն Խորհրդարանում: Բնականաբար պետության շահին դեմ, կամ այն թուլացնող բան չկա, չէ՞: Բայց, մյուս կողմից, կարող ենք ասել, որ մարվեց բողոքի ալիքը եւ հեղափոխական ոգին, որ, հանուն ցնցումներից խուսափելու, բաց թողնվեց, այդ ալիքը օգտագործելով, երկիրը արմատապես բարեփոխելու եւ զարգացման ուղու վրա դնելու իրական հնարավորությունը:
Ավելացնեմ, որ եթե շտապելու բան չունենայինք, հակառակորդին բոլոր առումներով զիջելու ու պարտվելու շեմին չլինեինք, ես էլ կնտրեի դանդաղ ու անցնցում ճանապարհը:
Պ-ն Ռուբինյան, թույլ տվեք չհամաձայնել Ձեր քայլի ու դրա բացատրության հետ: Եթե Ձեր արգումենտը դա է, ուրեմն Դուք պարտավոր էիք ամեն ինչ անել Կոնգրեսի հաղթանակի համար, ու այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը կհամաձայներ ԱԺ-ում 20 մանդատի, թքել, դուռը շրխկացնել ու հեռանալ: Դա կլիներ հասկանալի ու տրամաբանված: Իսկ հիմա, կներեք, բայց տպավորությունն այն է, որ Դուք չեք կարողանում հիմնավորել Ձեր քայլը ոչ ձեր հայտարարությամբ, ոչ էլ ինձ ուղղված բացատրությամբ:
Ավելին, թույլ տվեք նույնպիսի մի հիպոթետիկ օրինակ էլ ես բերեմ. իսկ եթե վաղը Կոնգրեսը, ընդունենք, ԱԺ-ում ունենում է այնքան մանդատ, որ նշանակել է տալիս վարչապետի ի՛ր թեկնածուին: Սա մի՞թե բացառված է:
Դուք կես ճամփին որոշեցիք լքել մեր շարքերը: Հարց չկա: Բայց գոնե մի հիմնավոր պատճառ լիներ դրա համար: Երեւի զգում եք, որ մենք՝ ես ու իմ նմանները, անտարբեր չենք Ձեր անձի ու քայլերի նկատմամբ, դրա համար էլ բացատրություն ենք փորձում գտնել:
Արամազդ ջան, նույն հարցի հետ կապված գրել եմ 3Ա-ում, հիմա ստեղ կրկնվեմ: Անձամբ իմ համոզմամբ սկզբունքից վեր ոչինչ չկա: Ի՞նչ ասել ա` հայրենիքի փրկություն, պետության շահ: Որևէ սկզբունքից հետ կանգնելը` հանուն ինչ-որ բաների, այդ թվում նաև` վերացական “հայրենիքի փրկության” ու “պետության շահի”, որոնք տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են սահմանել, կեղծ ա ու չարդարացված: Մեռանք պատմության ընթացքում հանուն “հայրենիքի փրկության” ու “պետության շահի”` սկզբունքներից հետ կանգնելով, դրա համար էլ էս օրի ենք: Այ երբ որ հռչակված սկզբունքներից դադարենք հետ կանգնել` հանուն վերացական հասկացությունների, այ էտ ժամանակ կունենանք էն, ինչի մասին երազում ենք: Իսկ “պետության շահի” մասին խոսում ա նաև Սերժ Սարգսյանը: Քոչարյանն էլ “պետության շահով” էր հիմնավորում մարտի 1-ը: Հետևաբար, քանի որ դրանք կեղծ կատեգորիաներ են, ուստի միակ չափորոշիչը կարող են լինել հռչակված սկզբունքներին գործի համապատասխանությունը: Դեմոկրատիան հռչակելով չի, դեմոկրատիան աշխարհայացք ա ու մտածողության տիպ նախ և առաջ, որը արտահայտվում ա նաև կենցաղում ու գործունեության մեջ:
Արամազդ, բայց դուք ինձ, ձեր առաջին գրառմամբ, ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառների մասին հարց չեիք տվել: Հարցրել եք. «պետության շահի դեմ, պետությունը թուլացնող բան ՀԱԿ-ն արել Է՞»: Ես էլ այդ հարցին եմ պատասխանել:
Իմ անդամությունը ՀԱԿ-ին վաղուց արդեն զուտ ֆորմալ բնույթ էր կրում ու հիմա, պարզապես, եկավ տրամաբանական հանգուցալուծման: Չէի ուզենա մանրամասն խոսել անցած-գնացածի մասին, բայց անտեղյակների ու «աբիժենիկության» վարկածը առաջ տանողների համար շատ համառոտ արձանագրեմ մի քանի դրվագներ:
– Կոնգրեսի ստեղծման հռչակագիրն ընդունելուց հետո, ինձ խնդրեցին առաջարկություն անել դրա կառուցվածքի եւ առանձին մարմինների իրավասությունների վերաբերյալ: «Պատվերի» յուրահատկությունը այն էր, որ ցանկություն կար հնարավորին չափ նվազեցնել քաղխորհրդի դերը եւ առավելագույն ազատություն տալ շտաբ – գրասենյակին: Այն, որ սա ներքին ժողովրդավարության սկզբունքին դեմ է, պարզ է, չէ՞: Այն, որ դրա հետեւանքով համակարգողը ավելի կարեւոր ֆիգուր է դարձել, քան անդամ կուսակցությունների ղեկավարները, երեւում է, չէ՞: Մի խոսքով, ստեղծված կառույցը անախրոնիկ է, նախագծված է մեկ մարդու համար ու նույնիսկ ամենանվիրյալ կոնգրեսականներն են ընդունում, որ այդ մեկ մարդուն հենց մի բան պատահեց` ամբողջ կառույցը փլվելու է:
– Այդ իրավիճակը գոնե մի քիչ մեղմելու եւ հարցերի քննարկմանը հրապարակայնություն տալու, նոր միտք, երիտասարդական ավյուն ներգրավելու համար գրանցեցի եւ սկսեցի աշխատեցնել ՀԱԿ-ի ինտերնետային ցանցը: Ո՞վ հետաքրքրվեց: Ոչ միայն գրասենյակի ղեկավարներին, նույնիսկ լրատվականի պատասխանատուներին չհաջողվեց համոզել անդամագրվել ցանցին: Նրանք լուրջ քաղաքականությամբ էին զբաղված եւ ժամանակ չունեին շարքերի հետ շփվելու եւ հարցերին պատասխանելու:
– «7-ի դատավարության», Հյուսիսային պողոտան հանձնելու, Գյուլի գալու հետ կապված ակնհայտ դարձավ ՀԱԿ-ի նահանջը պերմանենտ ու ակտիվ պայքարից: Ո՞վ, ի՞նչ մեխանիզմով որոշեց փոխել մարտավարությունը, ովքե՞ր էին համոզում, որ Ղարաբաղի խնդրի լուծմանը հաշված օրեր են մնացել, որ սպասենք հեսա Սերժը կծախի Ղարաբաղը, որ չխանգարենք Սերժին, չխանգարենք Գյուլին, որ միայնակ չենք կարող հասնել իշխանափոխությանը …
Վերեւի երեք կետերը գրեցի որպես «աբիժենիկության» ժամանակի հետ կապ չունեցող խորը հակասությունների ապացույցներ, որոնց վերաբերյալ խոսել եմ եւ «ներսում» եւ հրապարակավ:
– Հասանք ՀՀՇ խայտառակ համագումարին: «Հրաժեշտի բաց նամակս» կա հենց այս բլոգում, կարծիքս չեմ փոխել ոչ մի կետով: Ափսոսում եմ, որ տուրք տալով շարժմանը չվնասելու, գոնե Լեւոնին մեղադրանքների տակից դուրս բերելու, ընկերներիս պահանջներին, գնացի ՀՀՇ վարչության նախագահի հետ 2 սինքրոն, մեղմացուցիչ հայտարարությունների ստորագրմանը: Որովհետեւ ոչ մի մակարդակում որեւէ հետեւություն չարվեց:
– Մեր օրերում, երբ խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամին գումարվեց արաբական հեղափոխություններից առաջացած ոգեւորությունը եւ հզոր հանրահավաքով վերածնունդ առավ շարժումը, տեսանք, թե ինչպես հանիրավի դա վերագրվեց «շարժման հմուտ ղեկավարությանը», ինչպես «Հիմա»-ի բերնին եկան, ինչպես վերջնագիր դրվեց-հանվեց, շրջանառության մեջ դրվեց «արժանապատիվ գործարքը», «շախմատը», ինչպես անհանդուրժողականության, պառակտման եւ կասկածամտության սերմեր շաղվեցին…
Չշարունակեմ, դեպքերը թարմ են` իմ հրապարակային արձագանքներն էլ հայտնի են:
Հայ ազգային կոնգրեսը, լինելով ընդդիմադիր դաշտի ամենակարող ուժը, պետք է ձքտեր ստեղծել վստահության ու համերաշխության մթնոլորտ, իր շուրջ համախմբեր ողջ ժողովրդին, սկսեր իրական եւ անընդհատ բողոքի գործողությունների շարք, որոնք կբերեին հանցախմբի հրաժարականին եւ ազատ ընտրություններին: Արվում է հակառակը: Գործում է նախընտրական հոգեբանությունը: Հարվածներն ուղղվում են հնարավոր դաշնակիցներին:
Ասվում է, որ եթե Սերժը ներմամբ ազատ արձակի քաղբանտարկյալներին, դա էապես կնվազեցնի լարվածությունը: Հա՞: Համաձայն ե՞ք: Մեզ պետք է էապես մեղմացնե՞լ լարվածությունը: Էապես մեղմացած լարվածության պայմաններում Սերժը ինչո՞ւ պիտի հրաժարական տա:
Իսկ ակտիվիստների շրջանում արդեն շրջանառության մեջ է դրվել այն միտքը, որ Սերժի ձեւավորելիք Խորհրդարանում 15 տեղ ունենալն էլ հաղթանակ կլինի: Սկսել են հիշել Սովետի օրոք Գերագույն խորհուրդ ղարաբաղ կոմիտեի անդամների մուտքը ու ասում են որ, իբր դրա արդյունքում թավշյա հեղափոխություն եղավ:
Տեսնում եմ, որ հախուռն մտքեր են ու վատ շարադրանք ստացվեց, բայց հոգնեցի ու էլ ոչինչ չեմ ավելացնի կամ փոխի, կներեք:
Ինձ կներեք, որ դեռ չեմ պատասխանում: Ուղղակի չեմ ուզում կարճ պատասխանել, իսկ երկարի համար ժամանակս չի հերիքում… 🙁