Արցախում ավարտված զորավարժությունների մասնակիցների առջեւ ելույթ ունենալիս Սերժ Սարգսյանը տարօրինակ նրբասացություն օգտագործեց: Ադրբեջանի անունը տալու փոխարեն՝ օգտագործեց հետեւյալ ձեւակերպումը՝ «նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում»:
Էլ ո՞ւմ, եթե ոչ հայոց միացյալ զինված ուժերի զինվորներին, էլ ե՞րբ, եթե ոչ նույն զորավարժությունների ընթացքում ԶՈՒ ուղղաթիռի խփվելուց ու երեք սպաներ կորցնելուց հետո պետք է ասվեր այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը մեր ազգի եւ պետության վերացմանը ձգտող ոխերիմ թշնամի է:
Ոչ պակաս տարօրինակ էր նաեւ իրենից լսելը, որ «նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում», ոչնչացրել են մեր «դժվար դրության մեջ հայտնված եւ իրենից վտանգ չներկայացնող» ուղղաթիռը:
Դեպքի հետ առնչվող՝ մինչ այդ հնչած բազմաթիվ մեկնաբանություններում եւ հայտարարություններում, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի ասածներում, ոչ մի խոսք կամ ակնարկ չկար ուղղաթիռի դժվար դրության մեջ հայտնված լինելու վերաբերյալ: Դժվար դրության մասին չի վկայում նաեւ թշնամու կողմից հրապարակված տեսանյութը, որում երկու հայկական ուղղաթիռները, մինչեւ «Իգլայից» կրակ բացելը, հանգիստ, առանց խուճապի թռչում են միեւնույն ուղղությամբ:
Մյուս կողմից՝ եթե ճիշտ են մեր մյուս պաշտոնական անձանց ասածները, ապա մեր երկու ուղղաթիռներն էլ իսկապես դժվար դրության մեջ էին հայտնվել՝ չգիտես ում հանցավոր հրամանով, անզեն, անշտապ ու անպաշտպան սավառնում էին թշնամու քթի տակով՝ ինքնակամ թիրախի դերում: Դեռ փառք պետք է տանք Աստծուն, որ նույն դյուրությամբ չխոցվեց երկրորդ ուղղաթիռը:
Բայց հազիվ թե Սերժ Սարգսյանը դա նկատի ուներ: Եթե այդպես լիներ, ապա գովասանքի եւ շնորհակալությունների կողքին կհնչեին նաեւ երեք սպաների զոհվելու պատճառ դարձած եւ կործանված ուղղաթիռի պատճառով երկրին առնվազն 15 միլիոն դոլարի վնաս հասցրածների անունները: Նման բան չեղավ, ու մեզ մնում է էլի եթե-ների ու ենթադրությունների գիրկն ընկնել:
Եթե բացառենք օրը ցերեկով, լավ եղանակային պայմաններում, ցածր բարձրության վրա թռչող միանգամից երկու ուղղաթիռների տեղանքում մոլորվելը, ապա հարց է ծագում՝ լավ, ի՞նչ նպատակ կարող էր հետապնդել մեր երկու ուղղաթիռների հայտնվելը թշնամու հեշտ թիրախի դերում:
Կարծում եմ՝ պետք է բացառել նաեւ եղածի՝ մեր կողմից կազմակերպված սադրանք լինելը: Որովհետեւ ուղղաթիռի խփվելուց հետո ոչ մի շարունակություն, գործողություն չեղավ, եթե, իհարկե, գործողություն չհամարենք երկրորդ ուղղաթիռի սուսուփուս հեռանալը, ինչն, ի դեպ, ապացուցում է ուղղաթիռների անզեն լինելու վարկածը: Հուսով եմ նաեւ, որ մեր զինվորական հրամանատարությունում այդ աստիճան հիմարներ չկան, որ փորձեին Ռուսաստանի օգնությամբ վերջին տարիներին ամենաարդիական սպառազինությամբ մինչեւ ատամները զինված հակառակորդին ցույց տալ, թե՝ տեսեք-տեսեք, Մի-24 ուղղաթիռներ ունենք ու դրանցով թռչել գիտենք:
Ուրեմն ի՞նչ խելքին մոտ վարկածներ են մնում: Ըստ իս, դրանք երկուսն են.
ա/ հրամանատարության ոչ պրոֆեսիոնալիզմ ու հանցավոր անփութություն
բ/ այլ պետության պատվերով արված գործողություն:
Այս երկու վարկածներից որն էլ համապատասխանի իրականությանը, զրոյի է հավասարեցնելու Ստեփանակերտի օդանավակայանում գերագույն գլխավոր հրամանատարի ուղղաթիռի «հերոսական» վայրէջքը եւ արցախյան աղջամուղջին նրա ելույթը բեմականացնողների ու նկարահանողների PR ջանքերը:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2014Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/20/517077/
© 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից