ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և
Նորք-Մարաշ համայնքների
ընդհանուր իրավասության դատարանին
62202608 քրեական գործով արդարացված
Կարապետ Ռուբինյանի
ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանից
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
դատավոր Գ. Կարախանյանի ինքնաբացարկի մասին
18.01.2009թ 62202608 քրեական գործով արդարացված Կարապետ Ռուբինյանի (հետայսու` Վստահորդ) անունից Բողոք (հետայսու` Բողոք) եմ ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի Կենտրուն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
26.01.2009թ ստացել եմ «Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին» վերտառությամբ և «դատավոր Գ. Կարախանյան» ստորագրությամբ (նամակ ԵԿԴ 0007/11 22.01.2009թ ԴԴ 17 Ե-878 ) հրավեր` մասնակցելու իմ և Վստահորդիս բողոքի քննությանը, որը տեղի կունենա 30.01.2009թ 1030-ին` հայտնի չէ, թե որտեղ:
1. Վերոգրյալ հրավերը ստորագրած դատավոր Գ. Կարախանյանը նախագահել է այն դատարանները, որոնք Վստահորդիս նկատմամբ կալանքը` երկու ամգամ և երկուական ամսով, որպես խափանման միջոց են ընտրել: Գ. Կարախանյանը շտամպել է ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի «Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին» (և երկարացնելու մասին) որոշումները:
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008թ. «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման մեջ Գ. Կարախանյանը շտամպել է ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի հետևյալ եզրակացությունները.
« … չեն վերացել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու պայմաններն ու հիմքերը, ազատության մեջ մնալով նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչնդոտել միջդատական վարույթում կամ դատարանում գործի նքննությանը, կատարել քրեական օրենքով արգելված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց»:
Գ. Կարախանյանի 29.04.2008թ. որոշումից ընդամենը տասն օր անց (շուրջ տասն օր) ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանը 12.05.2008թ. «Մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին» որոշմամբ հանգել է հետևյալ եզրակացության.
«… հաշվի առնելով, որ նա նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, ունի մշտական բնակության վայր, ազատության մեջ մնալով չի թաքնվի քննությունից և վերջինս կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերացել է, …»:
ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի վերոգրյալ որոշումներն ակնհայտ հակասություններ են պարունակում` նույն հանգամանքները մի դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու հիմք են ներկայացնում, իսկ մի քանի օր անց` արդեն կալանքի ձևով ընտրված խափանման միջոցը փոխելու: Որոշումներում բացակայում են նման դիրքորոշումների փաստական և իրավական հիմնավորումները. չկա որևէ ողջամիտ բացատրություն: Իսկ Գ. Կարախանյանը իր` 29.04.2008թ. որոշմամբ ուղղակի շտամպել է քննիչ Վ. Հարությունյանի 25.04.2008թ որոշումը: Այստեղից հետևում է, որ Գ. Կարախանյանը սխալ է գնահատել կալանքի անհրաժեշտության հարցը:
Վստահորդիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների փաստական հիմքերը և նրան արդարացնելու մասին որոշման փաստական հիմքերը նույնն են:
Բողոքով Վստահորդս, ի թիվս այլոց, փոխհատուցում է պահանջում իր ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին, արդար դատաքննության իրավունքի խախտման դիմաց: Իր այդ իրավունքները խախտվել են նաև Գ. Կարախանյանի որոշումների պատճառով:
Բողոքը Գ. Կարախանյանի կողմից քննելու դեպքում ռիսկ կա, որ նա` իր նախկինում կայացրած որոշումների ճշմարտացիությունը հաստատելու նպատակով կմերժի Բողոքով ներկայացված պահանջները կամ որևէ պատրվակ կգտնի Բողոքն, ըստ էության, չքննելու համար: Քանի որ Բողոքը բավարարելու դեպքում, ինքնստինքյան, Գ. Կարախանյանը կհակասի իր կալանքի մասին որոշումներին: Իսկ միայն ռիսկի առկայությունը բավարար է, որպեսզի կասկածեմ սույն գործով դատավոր Գ. Կարախանյանի անկախությանը և անաչառությանը (տես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածը):
2. Դատավոր Գ. Կարախանյանի անկախության և անաչառության նկատմամբ կասկած հարուցող հանգամանք է նաև այն, որ սույն գործով դատավորը որոշում չի կայացրել գործը վարույթ ընդունելու վերաբերյալ և չի ձևավորել դատարան, հետևաբար գործը քննվում է ոչ օրինական կազմով դատարանի կողմից: Կոնկրետ գործով դատարանի օրինական կազմի վերաբերյալ դատողություններ կարող են արվել, եթե առկա է դատական ակտ, որով տվյալ գործով ձևավորվել է դատարան (որոշում գործը վարույթ ընդունելու մասին)` անկախ այն հանգամանքից, թե գործը քննվելու է մեկ, երեք դատավորի կամ ողջ պալատի կազմով: Ուստի` գործը քննվում է ոչ օրինական կազմով, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:
Դատավոր Գ. Կարախանյանը անտեսում է այնպիսի կարևորագույն ինստիտուտ, ինչպիսին դատարան ձևավորելու ինստիտուտն է, որի արդյունքում է, որ պաշտոնատար անձը լիազորություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն իրականացնելու և դատական ակտ կայացնելու: Ձևավորված կասկածս ողջամիտ է, քանի որ, սույն գործով Կարախանյանը չի ձևավորել դատարան, հետևաբար «որոշում» վերնագրված և նրա կողմից ստորագրված ցանկացաց փաստաթուղթ, անկախ Վստահորդիս համար դրա եզրափակիչ մասի բարենպաստ լինել-չլինելու հանգամանքից, չի լինի օրինական ու հեղինակավոր: Առավել ևս, որ Վստահորդիս համար ակնհայտ է (որպես քաղաքական հետապնդման զոհ) այդպիսի ակտի ոչ բարենպաստ լինելու անխուսափելիությունը:
Փաստերը, որոնց մասին խոսվեց վերևում, առկա են Բողոքին կցված փաստաթղթերում, իսկ այն, որ գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել, հաստատվում է այն հանգամանքով, որ նման որոշում Վստահորդիս կամ ինձ չի ուղարկվել` գոյություն չունի հակառակ պնդումը հաստատող վերաբերելի ապացույց:
Առաջնորդվելով ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 90-րդ հոդվածով,
Միջնորդում եմ հայտնել ինքնաբացարկ` դատավոր Գ. Կարախանյան:
Բողոք բերող անձ, Կարապետ Ռուբինյան
Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ` Արտակ Զեյնալյան
29.01.2009թ, ք. Երևան