ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և
Նորք-Մարաշ համայնքների
ընդհանուր իրավասության դատարանին
62202608 քրեական գործով արդարացված
Կարապետ Ռուբինյանի
ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանից
ԲՈՂՈՔ
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան եմ դիմում` իրացնելով ՀՀ Սահմանադրության 18, 19-րդ հոդվածներով, ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Կոնվենցիայի 6, 13-րդ հոդվածներով (հետայսու` Կոնվենցիա) երաշխավորված և ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքի 263-րդ հոդվածում ձևակերպված վստահորդիս իրավունքով:
1. Բողոքի էության հակիրճ նկարագրությունը
ՀՀ Նախագահի 2008 թվականի ընտրություններում Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նրա Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ, ՀՀ քաղաքացի Կարապետ Ռուբինյանի նկատմամաբ 62202608 քրեական գործով կայացվել է ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշում: Սույն բողոքով վիճարկում է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը: Դատարանից պահանջվում է` ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով, ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքով երաշխավորված վստահորդիս ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման, սեփականության իրավունքի խախտման, պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման փաստերի ճանաչում և նրա իրավունքների վերականգնում:
2. Փաստերը, որոնց վրա հիմնվում է բողոք բերողի պահանջը.
2.1. ՀՀ Նախագահի 2008 թվականի ընտրություններում Կարապետ Ռուբինյանը (հետայսու` Վստահորդ) հանդիսացել է Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը, եղել է նրա Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ;
2.2. 03.03.2008թ Վստահորդս բռնի ուժ կիրառելու սպառնալիքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ պետական իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Այս փաստը հաստատվում է 03.03.2008թ ՙԲերման ենթարկելու մասին՚ արձանագրությունում Վստահորդիս կողմից կատարված գրառմամբ (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.3. 03.03.2008թ Վստահորդիս բնակարանում իրականացվել է խուզարկություն (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.4. խուզարկության արդյունքում Վստահորդիս բնակարանից ոչինչ չի հայտնաբերվել կամ առգրավվել (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.5. Վստահորդիս բնակարանը խուզարկելիս նրան դատարանի համապատասխան որոշումը չի տրվել: Այս փաստը համարվում է հաստատված` պատասխանողի կողմից հակառակը ապացուցված չլինելու պարագայում;
2.6. 03.03.2008թ Վստահորդս կալանավորվել է;
2.7. 03.03.2008թ և 09.04.2008թ. Վստահորդս ի նշան քաղաքական հետապնդման դեմ բողոքի, հայտարարել է հացադուլ: Այս փաստը հաստատվում է Վստահորդիս կնոջը հասցեագրված նամակով եւ մամուլում հրապարակված վստահորդիս հայտարարություններով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենները կցվում են);
2.8. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 05.03.2008թ. ՙՈրպես մեղադրյալ ներգրավելու մասին՚ որոշմամբ Վստահորդս 62202608 քրեական գործով ներգրավել է որպես մեղադրյալ և նրան ՀՀ ՙՔրեական՚ օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրվել է մեղադրանք (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.9. ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2008թ. ՙԿալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշմամբ Վստահորդիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկու ամիս ժամկետով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.9.1. 06.03.2008թ. ՙԿալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, բողոքը մերժվել է;
2.10. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ներսիսյանի 12.03.2008թ. ՙՄերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ կալանավորվածի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին՚ որոշմամբ վստահորդիս արգելվել է տեսակցել և հեռախոսային խոսակցություններ ունենալ մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.11. ՙՏիրակալ՚ ՍՊԸ տնօրենը 01.04.2008թ. Վստահորդիս ազատել է ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնից: Այս փաաստը հաստատվում է ընկերության կողմից Վստահորդիս տրված տեղեկանքով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.12. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 04.04.2008թ. ՙՄասնագիտական ստուգում նշանակելու մասին՚ որոշմամաբ 2006-2008թթ. բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ են սկսվել ՙԱյգ սերվիս՚, ՙԱյգ կոմպյուտեր՚, ՙՕզոն կոմպյուտեր՚, ՙՏիրակալ՚ և ՙԱյաքս՚ ընկերություններում (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.13. Ստուգումները վերոգրյալ կազմակերպություններում սկսվել են դրանցում Վստահորդիս չգրանցված փայատեր լինելու կասկածանքի հիմքով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.14. ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008թ. ՙԿալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշմամբ Վստահորդիս նկատմամբ կալանքի ձևով ընտրված խափանման միջոցը երկարացվել է ևս երկու ամսով մինջև 03.07.2008թ. (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.14.1. ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008թ. ՙԿալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն բողոքը չի քննվել:
2.15. 12.05.2008թ. ՙՄեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին՚ որոշմամբ Վստահորդիս նկատմամբ կալանքի ձևով ընտրված խափանման միջոցը փոխարինվել է ՙչհեռանալու մասին ստորագրություն՚ խափանման միջոցով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.16. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 13.12.2008թ ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշմամբ Վստահորդիս նկատմամաբ դադարեցվել է քրեական հետապնդումը` նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.16.1. 03.03.2008թ. մինչև 13.12.2008թ., այսինքն` վստահորդիս ձերբակալության, կալանքի և բնակության վայրից չբացակայելու պարտավորության տակ լինելու ողջ ընթացքում, նրա հետ չի կատարվել ոչ մի քննչական գործողություն: Այս փաստը համարվում է հաստատված` պատասխանողի կողմից հակառակը ապացուցված չլինելու պարագայում;
2.16.2. Կետ 2.16.1-ում նշված ժամանակահատվածում և մինչ օրս կալանքի տակ է գտնվում վստահորդիս ողջ ունեցվածքը: Այս փաստը համարվում է հաստատված` պատասխանողի կողմից հակառակը ապացուցված չլինելու պարագայում;
2.17. Վստահորդս 18.12.2008թ. բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` 13.12.2008թ. ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշման հիքերի դեմ (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.17.1. բողոքով Վստահորդս ՀՀ գլխավոր դատախազից պահանջել է.
ՙվերացնել Վ.Ս. Հարությունյանի խնդրո առարկա որոշումը և պարտավորեցնել նրան դադարեցնելու իմ նկատմամաբ հարուցված քրեական հետապնդումը … հանցակազմի բացակայության պատճառով՚;
2.18. 10.01.2009թ Վստահորդս փոստով ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը` թվագրված 22.12.2008թ (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է);
2.19. Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը փոստին է հանձնվել` 09.01.2009թ.: Այս փաստը հաստատվում է փոստային ծրարի վրայի դրոշմով (փաստը հաստատող ապացույցի լուսապատճենը կցվում է):
3. Բողոքի պահանջի իրավական հիմքերը
3.1. Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդվածներ 18-րդի և 271-րդի.
ՙՅուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք՚:
ՙՅուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք՚:
3.2. Համաձայն Կոնվենցիայի հոդված 13-րդի.
ՙՅուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք՚:
3.3. 13.12.2008թ. ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշումը Վստահորդս բողոքարկել է ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով իրեն ընձեռված իրավունքով և ժամկետներում:
Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի` դատախազը Վստահորդիս բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում պարտավոր էր որոշում կայացնել բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: 7 օրվա ժամկետը տվյալ դեպքում այն առավելագույն ժամկետն է, որ ՀՀ Սահմանադրության 271-րդ հոդվածի իմաստով համարվում է ՙողջամիտ՚:
ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվարկվում են 173-րդ հոդվածով սահմանված կարգով, մասնավորապես` ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին (մաս` 3-րդ): Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ: Փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (մաս` 4-րդ):
Նույնանման նորմ է սահմանված նաև ՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն՝ մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված:
Վճռաբեկ դատարանը Քաղաքացիական թիվ 3-1614(Ա) 2007թ. գործով իր` 09.11.2007թ. վճռում մեկնաբանել է այս նորմն, ասելով` ՙՙԻրավական ակտերի մասին՚ ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանված փաստաթղթերը կապի կազմակերպությանը հանձնելու իրավական հետևանքները հավասարեցվում են դրանք համապատասխան հասցեատիրոջը տալուն՚:
Վստահորդիս բողոքը դատախազությունում մուտքագրվել է 18.12.2008թ, օրենսգրքի նորմերից հետևում է, որ վստահորդիս բողոքի վերաբերյալ կայացված որոշումը կարող էր փոստին հանձնվել ոչ ուշ, քան 25.12.2008թ. ժամը 2400-ն` անկախ այն հանգամանքից, թե ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանն ինչ ամսաթիվ կդներ ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշան վրա: Սույն բողոքի 2.19 կետում նշված փաստական հանգամանքից հետևում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը` թվագրված 22.12.2008թ., փոստին է հանձնվել դրա համար առավելագույն ժամկետը սպառվելուց 14-օր անց: Այստեղից հետևում է, որ ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, այսինքն ոչ իրավաչափ է:
ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգիրքը սահմանել է նաև ժամկետը բաց թողնելու հետևանքները (հեդված` 174-րդ).
ՙ1. Ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում՚:
Դատախազի կողմից բաց թողնված ժամկետները վերականգնելու ինստիտուտ նախատեսված չէ, և սույն գործով դատախազը փորձ չի արել Վստահորդիցս ներողամտություն հայցել ժամկետը բաց թողնելու համար: Ավելին, դատախազը գիտակցել է, որ դատավարական ժամկետը բաց է թողնված և ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման և դրա ուղեկցող նամակի վրա դրել է ետին ամսաթիվ: Այս պնդումը հաստատվում է հետևյալ փաստական հանգամանքներով.
ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման մեջ առկա են հետևյալ ձևակերպումները.
ՙԲողոքաբերը քրեական գործով ձեռք բերված ապացույցները անջատելով միմյանցից, ենթարկելով յուրովի և չպատճառաբանված մեկնաբանության, արել է կանխակալ և անհիմն եզրահանգումներ` անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ապացույցների հավաքման, հետազոտման և գնահատման սկզբունքները:
Բողոքաբերն անտեսելով մեղադրանք առաջադրելու համար բավարար կասկածի առկայությունը` ապացույցները վերլուծել է անձին դատի տալու համար բավարար կասկածի տեսակետից: Մինչդեռ քրեական գործով ձոռք բերված ապացույցները բավարար կասկած են առաջադրել և հիմք տվել Կարապետ Ռուբինյանին ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու համար՚:
Վստահորդս իր բողոքում որևէ ապացույց չի անջատել միմյանցից, չի մեկնաբանել, եզրակացություններ չի արել. դրանք արվել են մեկ այլ բողոքի մեջ` նույն քրեական գործով որպես մեղադրյալ ներգրաված ՙՀանրապետություն կուսակցության՚ նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը` իր 23.12.08թ. ՙՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում 12.12.2008թ. կայացված ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշումը` քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի մասով վիճարկելու մասին՚ N 362 բողոքում: Կարապետ Ռուբինյանին ուղղված ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման մեջ դատախազ Փիլոյանը ուղղակի արտագրել է (համակարգչային եղանակով պատճենահանել ու տեղադրել է` ՙcopy/paste՚) Արամ Սարգսյանի ներկայացուցչի ապացույցների միմյանցից անջատելու երևույթին, դրանք մեկնաբանելու ու եզրակացություններ անելու գործողությունների մասին դրվագը: Իսկ Արամ Սարգսյանի գործի վերաբերյալ, 12.12.2008թ N 362 բողոքը դատախազություն մուտքագրվել է 25.12.2008թ, այսինքն` Փիլոյանի թվագրած (Ռուբինյանի վերաբերյալ) որոշումից 3-օր հետո: 12.12.2008թ. N 362 բողոքը դատախազություն մուտքագրված լինելու փաստը հաստատվում է այն հասցեատիրոջը հանձնելու մասին հետադարձ ծանուցմամբ և դրա վրա կատարված` ստացման ամսաթվի գրառմամբ (լուսապատճենը կցվում է):
Կատարված կեղծիքը ևս մեկ ապացույց է, այն բանի, որ Վստահորդս և նրա համախոհներն ու գործընկերները իրենց մտքի, խղճի ազատության, արտահայտվելու ազատության, միավորումներ կազմելու ազատության իրավունքներն իրացնելու պատճառով են ենթարկվել հալածանքների, իսկ նրանց մեղսագրվող հանցագործություններն ու քրեական հոդվածները` միայն շղարշ են:
Այսպիսով, ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքի 174-րդ հեդվածի ուժով` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը` անվավեր է, և դատարանին մնում է միայն հաստատել դա ու փոխել Վստահորդիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը` արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով:
3.4. Միևնույն ժամանակ իրացնելով Վստահորդիս իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անմիջականորեն գործող իրավունքը, դատարանին ներկայացնում եմ պահանջ` նրան անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և նրա իրավունքներին միջամտելու հետևանքով պատճառված վնասի հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները: Վստահորդիս այս իրավունքներն ամրագրված են ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքին 66-րդ հոդվածում, մասնավորապես.
ՙ3. Արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:
4. Արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ
1) աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է.
2) գույքի բռնագրավմամբ` այն պետության եկամուտ դարձնելու, քննություն իրականացնող մարմինների կողմից առգրավվելու, գույքի վրա կալանք դնելու հետևանքով պատճառված վնասը.
3) վճարված դատական ծախսերը.
4) փաստաբանին վճարված գումարները.
5) դատավճիռն ի կատար ածելիս վճարված կամ առգրավված տուգանքը:
5. Գումարները, որոնք ծախսվել են անձին անազատության մեջ պահելու համար, դատական ծախսերը, ինչպես նաև անազատության մեջ պարտադիր աշխատանքներ կատարելու համար այդ անձի աշխատավարձը չեն կարող հանվել այն գումարից, որը ենթակա է վճարման քրեական վարույթն իրականացնող մարմնի սխալի հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար:
……..
8. Արդարացվածն իրավունք ունի նաև`
1) վերականգնվել նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում), իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ համարժեք աշխատանք (պաշտոն) կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցում.
2) ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձևով պատիժը կրել, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցել.
3) հետ ստանալ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը, իսկ դրա անհնարինության դեպքում` ստանալ բնակմակերեսով և գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք.
4) զինվորական և այլ կոչումների վերականգնման` հաշվի առնելով երկարամյա ծառայությունը:
9. Արդարացվածի պահանջով`
1) դատարանը կամ քննություն իրականացնող մարմինները պարտավոր են այդ մասին երկշաբաթյա ժամկետում հայտնել անձի նախկին և ներկա աշխատանքի, ուսման, բնակության վայր.
2) լրատվության միջոցը, որը հրապարակել է քրեական գործի վարույթով կասկածյալին կամ մեղադրյալին նշանակվող տեղեկություններ, պարտավոր է մեկ ամսվա ընթացքում հայտնել գործով կայացված վերջնական որոշման մասին:
10. Քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից՚:
3.4.1. Վստահորդիս աշխատավարձը որից նա զրկվել է.
Սույն բողոքի 2.11. կետում նկարագրված փաստով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Վստահորդս քրեական հետապնդման ենթարկվելու պատճառով զրկվել է իր աշխատանքից և աշխատավարձից: Վստահորդիս աշխատավարձը կազմել է ամսեկան 113.000,00 (հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ: Աշխատանքից ազատվելուց միչ օրս Վսահորդս չի ստացել 10 ամսվա աշխատավարձ, որը կազմում է 1.113.000,00 ՀՀ դրամ:
3.4.2. Վստահորդիս փաստաբանին և ներկայացուցչին վճարված գումարները.
Վստահորդս պարտավորվել է կրած վնասների փոխհատուցում սատանալու դեպքում իր փաստաբանին և ներկայացուցչին վճարել 1.000.000,00 (մեկ միլիոն) ական ՀՀ դրամ: Վարձատրության չափը պայմանավորված է Վստահորդիս արդարացնող իրավական ակտի ընդունման և որպես հետևանք` վնասների փոխհատուցում ստանալու հավականության անհավանականության աստճան փոքր լինելու հանգամանքով կամ, որ նույն է, գործը շահելու բարձր ռիսկով: Վարձատրության գումարների չափը հաստատվում է սույն բողոքին կցված հանձնարարության պայմանագրերով:
3.4.3. Վստահորդիս նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնվելու անհնարինության հետևանքով հասցված վնասը.
Վստահորդս չի կարող վերականգնվել իր նախկին և ոչ էլ որևէ այլ համարժեք աշխատանքի, քանի որ ներկայիս Հայաստանում որևէ կազմակերպության ողջամիտ ղեկավար չի կարող վտանգել իր կազմակերպությունը նման քայլի դիմելով: Այս պնդումը հաստատվում է Վստահորդիս հետ որևէ կապ չունեցող, նրա ընկերներին պատկանող` ՙԱյգ սերվիս՚, ՙԱյգ կոմպյուտեր՚, ՙՕզոն կոմպյուտեր՚, ՙԱյաքս՚ ընկերություններում ստուգումներ անցկացնելու փաստով: Ուստի` Վստահորդս համարժեք աշխատանք գտնելու տեսական հնարավորություն կունենա Հայաստանի քաղաքական իշխանության փոխվելուց հետո, որը ըստ գործող իշխանությունների, ամենաշուտը կարող է տեղի ունենալ 2012 թվականի փետրվարին: Այստեղից հետևում է, որ Վստահորդս կշարունակի կրել վնասներ` չստանալով աշխատավարձ ևս 50 ամիս, չհաշված աշխատավարձի հնարավոր բարձրացումը: Հետայսու` Վստահորդիս աշխատանքը կորցնելու հետևանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման չափը կազմում է 5.650.000,00 ՀՀ դրամ:
3.4.4. Քրեական հետապնդման մարմնի Վստահորդիցս գրավոր ներողություն հայցելու պարտավորությունը.
Քրեական հետապնդում իրականացրած մարմինը ներողություն, այդ թվում` գրավոր, չի հայցել Վստահորդիցս, որը պարտավոր էր կատարել համաձայն ՀՀ ՙՔրեական դատավարության՚ օրենսգրքին 66-րդ հոդվածի 10-րդ մասի և հնարավորինս սեղմ ժամկետներում: Քրեական հետապնդում իրականացրած մարմինը ցուցաբերել է անգործություն, որը ոչ իրավաչափ է:
3.5. Վստահորդիս նկատմամաբ իրականացված քրեական հետապնդման պատճառով Վստահորդս կրել է նաև ոչ գույքային վնասներ.
Ոչ գույքային վնասներ են`
– անձի ազատությունը սահմանափակելը,
– նրա անձեռնմխելիությունը խախտելը,
– բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը,
– անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելը,
– նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելը:
Անվիճելի է, որ պետական մարմինների կողմից տեղի են ունեցել միջամտություններ Վստահորդիս ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքին (ձերբակալումը և կալանավորումը), անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքին (մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ տեսակցելու և հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը), մտքի, խղճի ազատության, արտահայտվելու ազատության, միավորումներ կազմելու ազատության իրավունքներնին, սոփականության իրավունքին (կալանքը Վստահորդիս գույքի նկատմամաբ), խախտվել է նրա արդար դատաքննության իրավունքը (կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումների վերաբերյալ բողոքները մերժվել են անհիմն լինելու պատճառով, սակայն նրա նկատմամաբ խափանման նիջոցը փոխվել է հակառակ հիմնավորմամբ): Այդ միջամտությունները եղել են չարդարացված, ինչը հաստատվում է Վստահորդիս արդարացված լինելու փաստով:
3.5.1. Վստահորդս իր կրած ոչ նյութական վնասը գնահատում է ելնելով հետևյալ սկսբունքների և հանգամանքների համադրումից.
Վստահորդս ոչ նյութական վնասի գնահատման մասշտաբ է ընդունում ՙԼավրենտի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի՚ գործով (գանգատ` 31237/03) Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի կողմից 08.12.2008թ. կայացված վճռով Կոնվենցիայի զոհին որպես ոչ նյութական վնասի փոխհատուցման չափը` 4.500,00 Եվրոն: Կիրակոսյանը ենթարկվել էր 10-ն օրյա վարչական կալանքի: Վստահորդս ենթարկվել է 71 օրյա կալանքի: Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Վստահորդս քաղաքական գործիչ է, տարբեր ժամանակներում զբաղեցրել է բարձր քաղաքական պաշտոններ, այդ թվու` ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Երևան քաղաքի քաղաքապետի տեղակալ, Շենգավիթի թաղապետ ու նրան մեղսագրված արարքի մասին հայտնի է դարձել հաշվարկի չենթարկվող քանակի ՀՀ քաղաքաղաքացիներ (ողջ հասարակությանը), ինչն անվիճելիորեն ազդել է նրա հեղինակության վրա: Ուստի` Վստահորդս իր ոչ նյութական վնասի ողջամիտ չափ է համարում 35.000,00 (երեսունհինգ հազար) Եվրոին համարժեք ՀՀ դրամը:
Վստահորդիս իրավունքներին պետական մարմնի ոչ իրավաչափ միջամտության հետևանքով նա կրում է վնաս, որը ենթակա է փոխհատացման, ի թիվս կատարված հաշվարկների նաև` ՀՀ ՙՔաղաքացիական՚ օրենսգրքի հոդված 411-ով սահմանված կարգով. այն է`
ՙ1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝: …՚:
Այստեղից հետևում է, որ 3.4.1.-րդ կոտում հաշվարկված գումարը Վստահորդիս պետք է վճարվի հաշվի առնելով նաև տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Մյուս կետորում հաշվարկված գումարները Վստահորդիս պետք է վճարվի հաշվի առնելով վճարվելիք հնարավոր հարկերն ու տուրքերը:
Հատուկ քնչական ծառայությունն է կրում իր անգործության կամ գործողությունների համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը` սա բխում է իրավական պետության սկզբունքներից:
Ելնելով վերոգրյալից ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից խնդրում եմ.
4. Դիմողի պահանջը
4.1. Հաստատել` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման` թվագրված 22.12.2008թ անվավեր լինելը, փոփոխել` Կարապետ Ռուբինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով;
4.2. ճանաչել քրեական հետապնդումն իրականցրած մարմնի կողմից Կարապետ Ռուբինյանի`
4.2.1. անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը;
4.2.2. անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման փաստը;
4.2.3. մտքի, խղճի ազատության, արտահայտվելու ազատության, միավորումներ կազմելու ազատության իրավունքներնին, սեփականության իրավունքի խախտման փաստը;
4.2.4. արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը;
4.3. պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը Կարապետ Ռուբինյանին, որպես կրած վնասների փոխհատուցում, վճարել.
4.3.1. 1.113.000,00 (մեկ միլիան մեկ հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ` հաշվի առնելով նաև տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների (աշխատավարձը որից նա զրկվել է);
4.3.2. 2.000.000,00 (երկու միլիան) ՀՀ դրամ (փաստաբանին և ներկայացուցչին վճարվելիք գումարները);
4.3.3. 5.650.000,00 (հինգ միլիոն վեց հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ (նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնվելու անհնարինության հետևանքով հասցված վնասը);
4.3.4. 35.000,00 (երեսունհինգ հազար) Եվրոին համարժեք ՀՀ դրամ (ոչ նյութական վնասի փոխհատուցում):
4.4. պատավորեցնել` քրեական հետապնդումն իրականացրած մարմնին գրավոր ներողություն հայցել Կարապետ Ռուբինյանից:
5. Ապացույցների ցանկ
5.1. Գրավոր ապացույց – Կարապետ Ռուբինյանին 03.03.2008թ ՙԲերման ենթարկելու մասին՚ արձանագրությունը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս բռնի ուժ կիրառելու սպառնալիքով բերման ենթարկվելու փաստին (կետ` 2.2.);
5.2. Գրավոր ապացույց – Կարապետ Ռուբինյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին արձանագրությունը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս բնակարանի անձեռմխելիության իրավունքին միջամտելու, նրա բնակարանից ոչինչ չհայտնաբերվելու կամ առգրավվելու փաստերին (կետեր` 2.3., 2.4.);
5.3. Գրավոր ապացույց – ՀՀ Գլխավոր դատախազության կողմից Կարապետ Ռուբինյանի կնոջը հասցեագրված նամակը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս կողմից իր նկատմամբ ապoրինի քրեական հետապնդում իրականացնելու դեմ արտահայտած բողոքին, իր նկատմամաբ քաղաքական հետապնդման և անարդարացի վերաբերմունքի փաստերին (կետ` 2.7.),
5.4. Գրավոր ապացույց – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 05.03.2008թ. ՙՈրպես մեղադրյալ ներգրավելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս 62202608 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու, նրան ՀՀ ՙՔրեական՚ օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու փաստերին (կետ` 2.8.);
5.5. Գրավոր ապացույց – ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2008թ ՙԿալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս նկատմամբ կալանքը` երկու ամիս ժամկետով խափանման միջոց ընտրելու փաստին (կետ` 2.9.);
5.6. Գրավոր ապացույց – ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ներսիսյանի 12.03.2008թ ՙՄերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ կալանավորվածի տեսակցությունն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի միջամտության փաստին (կետ` 2.10.);
5.7. Գրավոր ապացույց – ՙՏիրակալ՚ ՍՊԸ տեղեկանքը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է վստահորդիս աշխատանքից ազատելու, նրա աշխատավարձից զրկվելու փաստերին (կետ` 2.11.);
5.8. Գրավոր ապացույց – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 04.04.2008թ ՙՄասնագիտական ստուգում նշանակելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս հետ որեւէ կապ չունեցող ՙԱյգ սերվիս՚, ՙԱյգ կոմպյուտեր՚, ՙՕզոն կոմպյուտեր՚, ՙԱյաքս՚ ընկերություններում ստուգումներ անցկացնելու փաստին (կետեր` 2.12., 2.13.);
5.9. Գրավոր ապացույց – ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008թ ՙԿալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը բավարարելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս նկատմամբ կալանքի ձևով ընտրված խափանման միջոցը ևս երկու ամսով երկարացնելու փաստին (կետ` 2.11.);
5.10. Գրավոր ապացույց – 12.05.2008թ ՙՄեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս նկատմամբ կալանքի ձևով ընտրված խափանման միջոցը` ՙչհեռանալու մասին ստորագրություն՚ խափանման միջոցով փոխարինվելու, կալանքի ձևով խափանման միջոցի ընտրության անհիմն լինելու, արդար դատաքննության իրավունքի խախտման փաստերին (կետ` 2.15.);
5.11. Գրավոր ապացույց – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի 13.12.2008թ. ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով դադարեցնելու փաստերին (կետ` 2.16.);
5.12. Գրավոր ապացույց – Վստահորդիս 18.12.2008թ. բողոքը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է Վստահորդիս կողմից ՀՀ Գլխավոր դատախազի` 13.12.2008թ ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշման հիքերի դեմ բողոքարկելու, բողոքի ՀՀ գլխավոր դատախազությանը հանձնելու ժամկետի փաստերին (կետեր` 2.17., 2.17.1.);
5.13. Գրավոր ապացույց – ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը` թվագրված 22.12.2008թ` լուսապատճենի ձևով. վերաբերելի է ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման վրա դրված ամսաթվի կեղծ լինելու և այդ որոշման անվավեր լինելու փաստերին (կետ` 2.18.);
5.14. Գրավոր ապացույց – ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ման փոստային ծրարը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը ժամկետի խախտմամբ փոտին հանձնելու և այդ որոշման անվավեր լինելու փաստերին (կետ` 2.19.);
5.15. Գրավոր ապացույց – ՙՀանրապետություն կուսակցության՚ նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի 23.12.08թ. ՙՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վ. Հարությունյանի թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում 12.12.2008թ. կայացված ՙՔրեական հետապնդումը դադարեցնելու մասին՚ որոշումը` քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի մասով վիճարկելու մասին՚ N 362 բողոքըՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման մեջ տրված պատասխանների` N 362 բողոքին տրված լինելու, Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման վրա դրված ամսաթվի կեղծ լինելու և այդ որոշման անվավեր լինելու փաստերին (կետ` 2.18.);
5.16. Գրավոր ապացույց – ՙՀանրապետություն կուսակցության՚ նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի 23.12.08թ. N 362 բողոքը ՀՀ գլխավոր դատախազություն հանձնման մասին ծանուցումը` լուսապատճենի ձևով. վերաբերելի է դրա մուտքագրման ամսաթվի, Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման վրա դրված ամսաթվի կեղծ լինելու, այդ որոշման անվավեր լինելու փաստերին (կետ` 2.18.);
5.17. Գրավոր ապացույց – ՀՀ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Բ. Նադոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշումը` թվագրված` 29.12.2008թ (ՙՀանրապետություն կուսակցության՚ նախագահ Արամ Սարգսյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի 23.12.08թ. N 362 բողոքին ի պատասխան)` լուսապատճենի ձևով. վերաբերելի է ավելի ՀՀ գլխավոր դատախազությունում ուշ մուտքագրված բողոքին ի պատասխան կազմված մերժումից համակարգչային եղանակով պատճենահանված ու տեղադրված ՙcopy/paste՚ լինելու, Կ. Փիլոյանի ՙԲողոքը մերժելու մասին՚ որոշման վրա դրված ամսաթվի կեղծ լինելու, այդ որոշման անվավեր լինելու փաստերին (կետ` 2.18.);
5.18. Գրավոր ապացույց – Հովհաննես Արսենյանի հետ կնքված ՙՀանձնարարության պայմանագիրը՚` լուսապատճենի ձևով. վերաբերելի է փաստաբանին (ներկայացուցչին) վճարվելիք գումարի, դրա չափի փաստերին;
5.19. Գրավոր ապացույց – Արտակ Զեյնալյանի հետ կնքված ՙՀանձնարարության պայմանագիրը՚` լուսապատճենի ձևով. վերաբերելի է փաստաբանին (ներկայացուցչին) վճարվելիք գումարի, դրա չափի փաստերին;
Բողոք բերող անձ` ……………………………….. Կարապետ Ռուբինյան
Կարապետ Ռուբինյանի ներկայացուցիչ`………………….. Արտակ Զեյնալյան