Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի վերաբերյալ այս օրերին շատ է խոսվել ու գրվել: Համամասնականը պաշտպանելուն լծված Հանրապետականի «ինտելեկտուալների» ֆազերը, պարզ ու հստակ փաստարկների ճնշման ներքո, արդեն գցում են: Այնպես որ այդ ուղղությամբ ոչինչ չեմ ասելու, բացի այն, ինչը պարզ ու տեսանելի է բոլորիս` գողերը փորձում են ամեն գնով իրենց մոտ պահել գողոնը` զավթած իշխանությունը:
Ընտրածս թեման քիչ այլ է: Ուզում եմ արդար ընտրություններ կազմակերպելու խնդրի վերաբերյալ հասարակական աճող հետաքրքրությունից օգտվելով, կրկին շրջանառության մեջ դնել ավտոմատացված ընտրական համակարգերի կիրառման հարցը:
Այդ համակարգերով հետաքրքրվում եմ վաղուց: Գաղտնիք չէ, որ ընտրության օրվա ընտրախախտումների զգալի մասը կատարվում է ընտրական հանձնաժողովների անդամների, երբեմն նաեւ վստահված անձանց ու դիտորդների թողտվությամբ ու մասնակցությամբ: Գործընթացի ավտոմատացումը թույլ կտա ազատվել այդ` բացասական նշանով գործող մարդկային գործոնից: Ժամանակին մեկ անհաջող փորձ արել եմ ընտրական օրենսգրքի մեջ փորձնական`ավտոմատացված ընտրական համակարգերով ընտրատեղամասեր ստեղծելու հնարավորությունը ամրագրելու համար: Նաեւ, կարծեմ 1999-ին, պատգամավորական լիազորություններիս ավարտից հետո, այդ թեմայով, կյանքումս առաջին ու վերջին անգամ գրանտային առաջարկ եմ արել «Եվրասիա» հիմնադրամին, բայց մերժվեցի` էլ ենթադրություններ չանեմ, թե ինչու:
Անցած տարիներին աշխարհում տեխնիկական ահռելի առաջընթաց է եղել, իսկ մեզանում, ինչպես գիտեք, ընտրակեղծիքների խնդիրը ավելի է խորացել, ուստի թեման ավելի է արդիականացել: Թե՛ աշխարհում, թե՛ մեզ մոտ, լայն տարածում են ստանում ավտոմատացված վճարային եւ տեղեկատու համակարգերը, սովորական երեւույթ է դարձել փողոցային բանկոմատներից կանխիկ փող հանելը, զանազան, այդ թվում առցանց, վճարային համակարգերով կոմունալ կամ այլ վճարումներ, գնումներ կատարելը: Ընդ որում ակնհայտ է, որ չնայած զուգահեռաբար աճող խարդախությունների թվին, 99 տոկոսով լուծված է տրանզակցիաների ապահովության ու գաղտնիության խնդիրը:
Այսինքն, խոսքն արդեն գոյություն ունեցող ապահով տեխնոլոգիաների` ընտրական գործընթացներում կիրառման մասին է:
Դե հիմա եկեք պատկերացնենք մեր փորձարարական քվեարկության տեղամասը: Մտնում ենք տեղամաս, բարեւում ու մեկնում ենք մեր անձնագիրը ոստիկանին: Ոստիկանի հիմնական խնդիրն է համոզվելը, որ ընտրողն իր սեփական անձնագրով է եկել ընտրատեղամաս, բացի այդ նա պատասխանատու է ընտրատեղամասի սարքավորումների պահպանության համար: Ո՛չ ընտրացուցակների, ո՛չ քվեաթերթիկների, ո՛չ էլ քվեատուփի հետ ոստիկանը գործ չունի: Գործ չունի ոչ ոք` որովհետեւ դրանք չկան: Կա ոստիկանի սեղանին դրված մի փոքրիկ սարք, ուր մտցնելով մեր անձնագիրը ներկա ենք ստանում ընտրողների համապետական ռեգիստրում: Բնականաբար սարքը ղժժոց կդնի, եթե այդ անձնագրով արդեն մեկ անգամ տվյալ ընտրությանը մասնակցել ենք ու հրահանգ չի տրվի քվեարկության խցի դռները բացելուն: Հաջորդ օպերացիան լուսանկարվելն է: Չվստահելով ոստիկանին` ավտոմատացված համակարգը մեկ անգամ եւս ստուգում է արդյոք այդ քվեարկողի դեմքը առաջին անգամ է լուսանկարվում տվյալ ընտրությունների ընթացքում: Վայ նրան, ով փորձում է քվեարկել երկրորդ անգամ` արդեն եղբոր կամ հարեւանի անձնագրով: Համակարգը վայրկյաններ անց ոստիկանին տեղեկություն կտա, թե այդ նույն «դեմքը» որ ժամին, որ տեղամասում, ում անձնագրով է արդեն քվեարկել: Ոստիկանին կմնա միայն համապատասխան արձանագրություն կազմել` համապատասխան հետեւանքներով:
Բայց մենք, որպես օրինապաշտ ընտրող, անցնում ենք բոլոր երեք ստուգումները, քվեախցի դուռը հյուրընկալորեն բացվում է, անցնում ենք ներս, որտեղ միայն մեզ տեսանելի քվեարկության էկրանն է, որի վրա գրված է` «Հարգելի Այսինչ Այնինչյան, շնորհակալություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար: Մատով դիպեք, խնդրում եմ, այն կուսակցության անվանմանը, որին ուզում եք տալ ձեր ձայնը:» Մնացածը պարզ է, չէ՞: Մատնանշում ենք, ասենք ամենաթույլիկին` ՀՀԿ-ին, հետեւում է մեքենայի զարմացած ձայնային ազդանշանը (կատակում եմ), «Շնորհակալություն», բացվում է դուռը եւ մենք, մեր քաղաքացիական պարտքը տված, հեռանում ենք: Մեր քվեն առանձնացված եւ պաշտպանված ցանցի միջոցով անմիջապես գրանցվում է տվյալների կենտրոնական բազայում, իսկ ընտրատեղամասի շքամուտքին` լուսատախտակի վրա գրվում է երկու թարմացված թիվ` ամբողջ երկրով մեկ քվեարկությանը մասնակցածների եւ տվյալ տեղամասում քվեարկությանը մասնակցածների քանակը: Դե, եթե ուզում եք, կգրվի նաեւ մասնակցության տոկոսը:
Նկարագրածս ընտրատեղամասը հանգիստ կարող է տեղավորվել մեկ «Երազի» կամ «Գազելի» թափքի վրա: Այդ շարժական ընտրատեղամասերը կարելի է տեղադրել քաղաքներում եւ գյուղերում, ցանկացած հարմար տեղ եւ այլեւս հրաժարվել ընտրախախտումների խորհրդանիշ դարձած դպրոցների ու մանկապարտեզների նախասրահներից: Ընտրողները ազատ կլինեն քվեարկել երկրի ցանկացած տեղամասում` չէ՞ որ բազան միասնական է: Ի դեպ, ընտրությունն էլ, կարելի կլինի անցկացնել անշտապ` մեկի փոխարեն մի քանի օրվա ընթացքում:
Հիմա վտանգների մասին.
- Հակերային միջամտություն:
Սա իրական վտանգ է, որի դեմն առնել է պետք նախագծման փուլում` կիրառելով պաշտպանության արդի բոլոր եղանակները:
- Համակարգը եթե նույնիսկ անթերի աշխատի, վերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր ուզած թվերը կհրապարակի եւ վերջ:
Սա, հաշվի առնելով մեր ներկայիս բարքերը, նույնպես իրական վտանգ է: Դրա դեմն առնելու համար կարող են ընթացքում արձանագրվել միջանկյալ թվային տվյալներ` առանց մասնակից կուսակցությունների անունների հետ ասոցիացվելու: Բացի այդ, հաշվի առեք, որ մարդկային գործոնը արդեն լոկալացված է լինելու ընդամենը մեկ սահմանափակ տարածքում` ի դեմս սահմանափակ թվով մարդկանց: Վստահված անձանց ու դիտորդներին չհաշված` տեսաձայնագրման հարյուր սարք կարող ենք դնել այդ վայրում եւ հետեւել նրանց գործողություններին ուղիղ եթերում:
Ավարտելով` ուզում եմ նշել, որ ավտոմատացված քվեարկության տարբեր տիպի համակարգեր լայնորեն կիրառվում են աշխարհում, այդ թվում ոմանց սիրած Ռուսաստանում ու ուրիշների սիրած ԱՄՆ-ում: Կարծեմ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի այդպիսի փորձարարական տեղամասերից մեկում էր, այս վերջին` իրենց խայտառակ արած ընտրությունների ժամանակ, երբ արձանագրվեց պաշտոնական արդյունքներին միանգամայն հակադիր արդյունք` «Եդինայա Ռոսիյան» պատվավոր վերջին տեղում էր:
10:16 Հունվար 24, 2012