Ծակ հիշողություն ունեմ: Անունները, դեմքերը, դեպքերը, դրանց հերթականությունը շատ շուտ լղոզվում են ուղեղումս ու մեծ դժվարությամբ են ենթարկվում վերծանման ու կանոնակարգման: Հիշում եմ միայն իմ և շատ մոտ հարազատներիս ծննդյան օրերը, բայց կրտսեր որդուս ծննդյան տարեթիվը, օրինակ, անընդհատ խառնում եմ. 90, թե՞ 91, չնայած հստակ հիշում եմ, որ Ղարաբաղյան շարժման շուրջօրյա նստացույցի օրերի «նախագիծ» է, ուրեմն 90 պիտի լինի: Ֆեյսբուքի օգնությամբ այդ հարցը մասամբ լուծվել է` Ցուկերբերգի ծրագիրը կանոնավոր կերպով հայտնում է ինձ ընկերներիս ծննդյան օրերի մասին: Հեռախոսահամարները հիշելու խնդիրն էլ բարյացակամորեն իր վրա է վերցրել իմ հին բջջային բարեկամս` Nokia 6500-ը: Տեսնես թիվը ճի՞շտ եմ հիշում: Բայց տեխնիկան անօգուտ է, երբ հերթական «անծանոթը», բռնացնելով ինձ փողոցում, զարմացած հարցնում է. – «Ինձ չե՞ս հիշում»: «Հա, բա ինչպե՛ս»,- հաճախ, չվիրավորելու համար ստում եմ` հույսս դնելով հետագա խոսակցության ընթացքում նոր հուշումներ ստանալու վրա: Մեծամասամբ ստացվում է, բայց երբեմն հիմար վիճակում եմ հայտնվում, երբ հարց տվողը ստորաբար սպասում է, որ ես պատմեմ, թե ով է նա և որտեղից եմ իրեն ճանաչում: Երբեմն էլ հին ու նոր թշնամիներիս եմ զարմացնում, երբ ժպտալով բարևում ու անցնում եմ ու նոր հիշում դրանց արած ստորությունները:
Հիմա կծիծաղեք, բայց այժմ էլ փորձում եմ հիշել` ինչու այս ամենը մտքիս եկավ ու գրեցի: Հա՛, ուզում էի ամփոփել քաղաքական տարին ու զգացի, որ ահագին բան մոռացել եմ: Փաստական նյութ է պետք, ամսաթվեր են պետք, մեր վայ կառավարության որոշումների վերնագրեր, Լևոն Տեր-Պետրոսյանի` ոսկեղենիկ, Սերժի` անգրագիտության աստիճանի գերհոդաբաշխ, Ռոբի` թունաքիմիկատոտ ելույթներից մեջբերումներ: Բայց չեմ հիշում ու ոչ ներվ, ոչ էլ հավես ունեմ` կարդալու ու վերհիշելու: Կգրեմ այն, ինչ մտքիս կգա: Ոչ թիվ, ոչ տոկոս: Այսպիսի կաղապարներ կան, չէ՞, «տարեմուտի խոհեր», կամ «տարեմուտի խճանկար»` թող այդպես լինի: Գնացինք:
Տիկոն ու իր կառավարությունը:
(Անկապ մտքերի ժանրում)
Մեր տան առևտրի մեծ մասը ես եմ անում, ապրանքների գները, բնականաբար, չեմ հիշում, էլ ուր մնաց` համեմատություններ անեմ: Սակայն հստակ է, որ խանութ ու դեղատուն մտնելիս դրամապանակս հալչում է ֆանտաստիկ արագությամբ: Կասեք` ի՞նչ կապ ունի դա Տիկոյի կառավարության հետ: Ոչ մի կապ էլ չունի: Անկապ կառավարություն է: Անցնող տարում ամենաշատը ինձ զայրացրեց 2010-ին ներդրված ԱՊՊԱ-ի մեկամյա ֆինանսական արդյունքների հրապարակումը: Հիմա ոչ մի թիվ չեմ հիշում, բայց հստակորեն ԱՊՊԱցուցվեց, որ ռեժիմը հերթական անգամ թալանեց մեզ` հայաստանցիներիս: Թալանեց նենգորեն, սառնասրտորեն և պլանավորված: Դեռ օրինագիծը խորհրդարան չմտցրած` գրանցեցին, առան, խլեցին, մեջ-մեջ արեցին ապահովագրական ընկերությունները, հետո օրենքը «սղղացրեցին» Գալուստիկների խորհրդարանով, սահմանեցին ֆանտաստիկ սակագներ ու յալլա` տարին փակեցին գերշահույթներով` մեզանից հավաքագրված գումարի կարծեմ մեկ երրորդից պակասը միայն գնաց վթարների վնասի փոխհատուցմանը: Մնացածը երևի կռահում եք ում գրպաններում է:
Տիգրան, ամոթ ունեցիր` ինքնակամ հեռացիր: Չե՞ս տեսնում, որ ոչ օլիգոպոլիաներ կարող ես վերացնել, ոչ էլ, էն ո՞րն էր, երկրորդ, թե երրորդ սերնդի բարեշրջիչ ես: Հեռացիր, հայկական աշխարհիդ շնորհ արա, թե չէ ոչ Սերժը, ոչ ՀԱԿ-ը, ոչ էլ Արժույթի միջազգային հիմնադրամը քեզ հեռացնողը չեն:
Քոչարյանը:
(Խիստ էմոցիոնալ ժանրում:)
Հեչ հիշելու բան չի: Ֆանտոմ է, ամայի Արցախ ու Հյուսիսային պողոտա է, Մարտի 1-ի մշտարթուն հրեշ է, Հաագայի մշտնջենական կլիենտ է` ղարաբաղցու ամոթ, երևանցու պատիժ: Այս դեռ չպատժված հանցագործը իր նոր հավակնություններով խելացնորության է հասցրել նաև ՀԱԿ-ին: Պարզվում է` միայն հանուն սրա դեմն առնելու, Լևոնը, Դավիթ Շահնազարյանի միջոցով, խնդրել է ամերիկացիներին, որ հայտնեն Սերժին, որ հանուն Սերժի հետ ընդհանուր շահի … Դե ինքներդ գիտեք: Վիքիլիքսը փորփրելու ու մեջբերում անելու հավես չունեմ:
Սերժը:
(Գողական ժանրում)
Հալալ ա քեզ, ախպեր: Էս տարի ինչ ուզիր` արիր: Լևոնին մատիդ վրա կռուտիտ արիր, արաբական հեղափոխության ալիքը սարքիր ֆուֆլո, Ռոբին բարգավաճախառը կզցրած պահիր, մկներին կռիսըցրիր, ում գործից հանիր` է, շնորհակալություն ասին: Ըսկի Մարգարն ու Թամամը չբոզկցան: Խոսքի էլ ի՞նչ ա պետք, ախպեր: Ոչ մի բան, թագավորս: Ջհանդամ, թե երգիրը դադրգվում ա, ջհանդամ, թե մնացողների 70 տոկոսը հացին կակայա ասում, ջհանդամ, թե օրական ամենաքիչը 2 միլիոն հայ քեզ մեր ա քրֆում: Դու կեր, խմի, ման արի, ախպեր ջան` չուզողի աչքն էլ հանի: Մենակ մեր յոնջլախցի ախպորը` Սերոժին, որ կադիլակից իչըցրիր, լավ չարիր: Մեր քաղցր, քեզ վեչնի նվիրված ախպորը ու մեկ էլ Չոռնուն մյուս տարի, պալյուբոմու մի գործի դիր:
Լևոն Տեր-Պետրոսյանը:
(Real Politic-ի ժանրում)
Չնայած նախաբանում ասածիս, շատ լավ հիշում եմ, որ անցնող տարվա ընթացքում բազմիցս քննադատել եմ Լևոնի, կամ նույն ինքը ՀԱԿ-ի գործունեությունը, ինչի համար էլ ժրաջան երիտՀԱԿականների կողմից քանիցս գամվել եմ անարգանքի սյանը: Արդ, հիմա կարճ կկապեմ: Պարզապես հիշեցնեմ երկու կանխատեսում, որ արել եմ դեռ գարնանը` անմիջապես հայտնի անցքերից հետո և որոնք, որքան էլ տխուր, իսկ ոմանց համար զարմանալի է, իրականացան: Առաջինը` «Ցտեսություն հեղափոխություն` շանսը կորսված է», երկրորդը` «Ամեն ինչ սահուն կերպով գնում է դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ»:
Վերջաբան:
Ուզում էի գրել «լավատեսական վերջաբան», բայց իսկույն հիշեցի երկու օր առաջ Ֆեյսբուքում տեսածս կադրերը ու չգրեցի: Հեռուստաալիքներից մեկի ռեպորտաժն էր երիտասարդ հայ կինոգործիչների ստորացման ու քծնանքի մասին` հանդիպել էին ամենայն հայոց բարերար Գագիկ Ծառուկյանին: Քննարկեցին հայ կինոարվեստի խնդիրները, կարևորեցին կինոյի մասին օրենքի ընդունումը, «օբշչագ» ձևավորելու դեպքում օգնության խոստումներ ստացան ու վերջում այնքան տպավորվեցին, որ որոշեցին անդամագրվել Բարգավաճին: Զարհուրելի տեսարան էր: Տեսնես ինչ ծնողներ են դաստիարակել այդ երիտասարդներին ու ինչ հասարակություն ենք դարձել, եթե երիտասարդները առանց ամաչելու նման խմբակային մերկացումների են մասնակցում: Ձեր նուդիստ ջանին մեռնեմ: Եկեք ցանկանանք մեր երիտասարդներին, որ կինոյի մասին օրենքը մյուս տարի անպայման կարևորվի, գրվի ու ընդունվի: Բայց վախենամ, որ նման բարոյական ողնաշար ունեցող կինոգործիչներին դա էլ չփրկի, ստիպված ենք լինելու ընդունել օրենքներ, ասենք, ռեժիսորի ասիստենտի կամ հնչունային օրերատորի մասին:
Մի թեմա էլ ու վերջ:
Վերջերս «Առավոտի» հայտնի լրագրող Մարգարիտ Եսայանի թեթև ձեռքով և «Ինչպես տեսա Լևոն Տեր-Պետրոսյանին» հրապարակումով Լևոն Տեր-Պետրոսյանին նվիրված բավականին հետաքրքիր հրապարակումների շարք բացվեց` իրար հետևից արձագանքեցին Արամը Աբրահամյան, Վարդանը Հարությունյան և Ոսկանյան Արփին: Չվիճարկելով ոչ մեկի ասածը և հույս հայտնելով, որ մի օր` կյանքիս մայրամուտին, չնայած ծակ հիշողությանս սեփական հուշերս կգրեմ բոլորի մասին, ուզում եմ անել հետևյալ դիտարկումները:
Հրապարակումները, անկախ համակրանքի կամ հակակրանքի անկեղծ դրսևորումներից իսկական ներբողներ` պանեգիրիկներ են հիշեցնում, ինչը զարմանալի չէ, երբ վերաբերում է միակ ընդդիմության ձախողված առաջնորդին և որպես հրաժեշտի խոսք է հնչում:
Դեմ չեմ, շատ կուզեի, որ հաջորդ տարի իրական (բայց միայն քաղաքական առումով, հա) հրաժեշտի խոսքեր հնչեին ոչ միայն Լևոնի, այլ այս խճանկարիս բոլոր պերսոնաժների հասցեին: Ներառյալ ինձ: Դրա համար մեկ, շատ պարզ, բայց առայժմ շատ անհասանելի թվացող բան է պետք` նոր մտածողությունով նոր պատվախնդիր սերնդի մուտք քաղաքական թատերաբեմ, որը կձևավորի ազնիվ, բանիմաց ու անձնուրաց հայրենասերների մի թիմ ու դուրս կբերի Հայաստանը այս ճահճից:
Իսկ առայժմ` շնորհավոր Նոր Տաղտկալի Տարի:
10:41 Դեկտեմբեր 28, 2011 | Կարապետ Ռուբինյան