«Հայկական ժամանակի» «անհայտ» հեղինակի գրոհը «Ազատ դեմոկրատների» վրա բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք կտա: Նկատելի է նաեւ կոնգրեսական, մանավանդ երիտկոնգրեսական շրջանակների ցնծությունը «Ազատիչի դեմոկրատների» «դիմակը վերջնականապես պատռելու» կապակցությամբ: Ես, սակայն, թողնելով հոդվածին քաղաքական գնահատական տալու իրավունքը բուն հասցեատերերին, կխոսեմ ինձ ամենից շատ հուզող երկու խնդիրների մասին.
Առաջինը որեւէ դեսպանատան, այսինքն օտար երկրի «կոնտակտ» հանդիսանալու թույլատրելի ու բարոյական լինել-չլինելու խնդիրն է, իսկ երկրորդը մի փոքրիկ հարցադրում կլինի, որը, հուսով եմ, ի ցույց կդնի այն, որ «անհայտ» հեղինակի ու նրա մեջքին կանգնած խմբավորման արածը բանսարկություն է:
Մինչ այդ, սակայն, հաշվի առնելով, որ խնդրո առարկա երկու հոդվածներից մեկում հեղինակը, ըստ իս միտումնավոր, հիշատակել է նաեւ իմ անունը, ստիպված եմ ինձ անդրադառնալ: Գաղտնիք չէ ու գլուխ գովելու համար չեմ ասում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետմարտիմեկյան գործունեությունը ավելի շատ, ընդ որում հրապարակայնորեն, քննադատել եմ ես, քան «ՀԺ»-ի այդ հոդվածներում հիշատակված եւ որպես ՀԱԿ-ի «վնասարարներ» ներկայացվող «Ազատ դեմոկրատների» անդամները: Հետաքրքրվողները կարող են թերթել իմ համացանցային բլոգը (http://rubinyan.wordpress.com/), իսկ ես հիշեցնեմ ամենաէականները դրանցից` «Հրաժեշտի բաց նամակ ՀՀՇ անդամներին», 19.06.2010թ. եւ «Կարծիքս ապրիլի 8-ի հանրահավաքի մասին», 10.03.2011թ.: Միեւնույն ժամանակ, էլի գլուխ չեմ գովում, բայց 1998-ից այս կողմ, առերես կամ կապի որեւէ հայտնի միջոցով, ոչ մի առանձնազրույց չեմ ունեցել ոչ միայն ԱՄՆ-ի այլ ընդհանրապես Հայաստանում գործող որեւէ դեսպանատան որեւէ աշխատակցի հետ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ակտիվ գործունեության վերադառնալուց հետո ընկած ժամանակաշրջանում, միակ այցս ԱՄՆ դեսպանատուն եղել է 2008-ին, բանտից իմ դուրս գալուց անմիջապես հետո` երբ հրավեր եմ ստացել պաշտոնական ընդունելության, ուր միայն ժպիտներ ու «Nice to meet You»-ներ եմ փոխանակել դեսպանի ու մյուս աշխատակիցների հետ ու խոժոռ հայացքներ այնտեղ ներկա ՀՀ պետական պաշտոնյաների հետ:
Սրանք անհերքելի փաստեր են: Բայց ախր մեր խեղճ ու տքնաջան հոդվածագիրը խնդիր ունի լուծելու` նրան պետք է Կոնգրեսից հեռացած բոլոր գործիչների գործունեության շարժառիթը ներկայացնել ոչ թե ՀԱԿ-ի առաջնորդի գործած սխալներից ու քննադատել համարձակվողների անձնական կարծիքից ու սկզբունքներից բխող, այլ Սերժի`ՀԱԿ-ը կազմալուծելուն ուղղված դավադրության մասնակից լինելը: Դե հիմա ասեք, ո՞նց տեղավորի ինձ այդ կաղապարում խեղճ բանսարկուն: Սերժի հետ չի կարող կապել` նույն 98-ից այս կողմ ոչ նրա, ոչ նրա ավազակների երեսը չեմ տեսել ու ՀԱԿ-ի պես չեմ երկխոսել: Ամերիկացիներին, ինչքան էլ իրենց պատեպատ տան, էլի չեն կարող «կպցնել»: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն էլ այդպես էլ չանդամագրվեցի, իսկ ՀՀՇ-ի ներսի նախահամագումարյան «կռիվների» հետ, բոլորը գիտեն, որ ոչ մի կապ չունեմ: Այնուամենայնիվ խղճուկ ելքը գտնվել է` մեր խեղճուկրակը հիշել է, որ Քոքոբելյանը ինչ-որ հարցազրույցում չի բացառել իմ անդամակցելը «Ազատ դեմոկրատներին»: Իսկ որ արդյունքում չեմ անդամակցել, ոչինչ` կարելի է գրել, որ «դեռ չի անդամակցել»: Անհերքելի ճշմարտություն է` նույն կերպ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլն ու Արամ Մանուկյանը դեռ չեն անդամակցել «Ազատ դեմոկրատներին»:
Ներեցեք խնդրում եմ, ինձ վերաբերող մասը այդքան մանրամասնելու համար: Անցնում եմ «կոնտակտների» թեմային:
Միանգամից ասեմ, որ վատ բան չեմ համարում ընդդիմադիր, թե իշխանական ճամբարի քաղաքական գործիչների կամ պաշտոնյաների շփումը դեսպանների կամ դեսպանատների այլ պաշտոնյաների հետ: Շատ հասկանալի եւ բնական է օտարերկրյա դիվանագետների ձգտումը առավելագույն եւ բազմակողմանի տեղեկատվություն հայթայթել հյուրընկալող երկրի վերաբերյալ: Ի վերջո, նրանք դրա համար վարձատրվում են: Բայց մի բան է երբ քաղաքական գործիչը առիթի եւ խնդրանքի դեպքում իր կարծիքն է հայտնում երկրի վիճակի կամ քաղաքական գործընթացների վերաբերյալ ու լրիվ մեկ այլ, երբ սկսում է պարբերաբար «զեկույցներ» ու խոհանոցային տեղեկատվություն ներկայացնել օտարին դեպքերի ու դեմքերի վերաբերյալ: Այս երկու գործելակերպերի միջեւ սահմանը որքան էլ հեղհեղուկ թվա ու չնայած նրան, որ երկու դեպքում էլ դեսպանատան հաշվետվություններում այդ անձինք կարող են «կոնտակտ» կոչվել, մի դեպքում գործ ունենք սովորական քաղաքական շփման հետ, իսկ մյուսում պետական դավաճանության եզրին շատ մոտ ենք: Խոսքս, ի հարկե, Քոքոբելյանի, կամ մյուս անանուն «կոնտակտների» անունից հոդվածում հրապարակված տեղեկատվության մասին չէ, որը, ինչո՞ւ թաքցնեմ, հիմնականում իրականությանը շատ մոտ եմ համարում եւ, անշուշտ ոչ պետական, ոչ էլ ընդհանրապես գաղտնիք չեն պարունակում: Տհաճը, թերեւս, ՀԱԿ-Ժառանգություն հարաբերությունների խոհանոցային մանրամասները ներկայացնելն էր, այն էլ, ինչպես ասում են իմ ֆեյսբուքյան «կոնտրակտները» J , խեղաթյուրված:
Նույն անհանգստությունն ունեմ քաղաքական ուժերի արտասահմանյան որոշ կապերի վերաբերյալ: Այս ոլորտում էլ երբեմն արտառոց դրսեւորումներ են լինում, բայց դրանք այսօրվա թեմայից դուրս են:
Թեման փակելով, ուզում եմ օտարերկրյա դիվանագետների հետ շփումներում զգոնության ու զսպվածության կոչ անել մեր քաղաքական գործիչներին եւ պարզապես քաղաքացիներին: Ինձ ճիշտ հասկացեք, սա սովետական այն տխրահռչակ մոտեցումը չէ, երբ Մոսկվայում գտնվող որեւէ արեւմտյան երկրի դեսպանատան շենքի մոտով դանդաղ անցնել արդեն կասկածելի վարքագիծ էր: Պարզապես երբեմն զարհուրում ես ջրիկության ու բացբերանության անպատասխանատու դրսեւորումների մասին լսելիս, իսկ որոշակի երկրների դեպքում, նաեւ այդ երկրների դիվանագետներին որպես կորուսյալ մեծ հայրենիքի մասունքներ ընկալողների վրա:
Ավարտելուց առաջ վերադառնալով «ՀԺ»-ի հրապարակած երկու հոդվածներին, ուզում եմ ասել հետեւյալը: Ակնհայտ երեւում է, որ բացի ՀԱԿ-ից հեռացածներին ու քննադատողներին վարկաբեկելու խնդրից, հրապարակումը մեկ այլ նպատակ էլ է հետապնդում` համոզել ընթերցողին որ գոյություն ունի մի հակակոնգրեսական տանդեմ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Սերժ Սարգսյանի, որը գալով հանցավոր համաձայնության եւ օգտագործելով ՀԱԿ-ի ներսում ծվարած «դավաճաններին» փորձել է կազմալուծել ՀԱԿ-ը, բայց շնորհիվ ՀԱԿ առաջնորդի իմաստնության եւ ՀՀՇ շարքերի զգոնության դավադրությունը բացահատվել ու խողդվել է բնում:
Կասկած չունեմ, որ Սերժը երազում էր եւ է կազմաքանդել ՀԱԿ-ը: Անշուշտ, ներքին քաղաքականության մեջ ապօրինաբար մխրճված մեր փառապանծ ԱԱԾ-ն գործակալներ էլ կունենա ՀԱԿ-ում:
Չեմ հավատում, բայց եւ չեմ բացառում, որ տեսականորեն ՀԱԿ-ի գործունեությունը կարող էր ԱՄՆ կառավարության կողմից գնահատվել հակասող իր շահերին եւ դեսպանատանը հրահանգ տրվեր խոչընդոտել ՀԱԿ-ի գործունեությանը: Ինքս եմ ժամանակին հոդված հրապարակել «Հրապարակում» Լեւոնի` թե՛ Արեւմուտքի, թե՛ ռուսների կողմից «չսիրված» լինելու ֆենոմենի վերաբերյալ: Բայց մյուս կողմից հիշենք, որ թե՛ Հայ-թուրքականի, թե՛ Արցախի հարցերով Լեւոն Տեր-Պետրոսյանը համ էականորեն սատարել է ԱՄՆ ծրագրերին, համ մի բան էլ, ըստ Վիքիլիքսի մեկ այլ հրապարակման, Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչեր է արել:
Խնդիրն ուրիշ է: Ո՞ւր է, կարող ե՞ք Վիքիլիքսի բացահայտումներում գտնել եւ մատնանշել գեթ մեկ փաստ կամ ակնարկ ԱՄՆ դեսպանատուն – Սերժ Սարգսյան հակակոնգրեսական տանդեմի գոյության վերաբերյալ: Կամ կարող ե՞ք Վիքիլիքսից կամ այլ տեղից գեթ մեկ փաստ վկայակոչել առ այն, որ հոդվածագրի թիրախ դարձած անձինք կապ են ունեցել Սերժի հետ:
Ես նման փաստեր զույգ հոդվածներում չհայտնաբերեցի, ուստի քանի դեռ նման ապացույցներ ներկայացված չեն, «ՀԺ»-ի հրապարակումը համարում եմ բանսարկություն ու չեմ հավատում ո՛չ ԱՄՆ դեսպանատան հակակոնգրեսականությանը, ոչ էլ թիրախ հանդիսացող անձանց Սերժի գործակալ լինելուն:
09:43 Դեկտեմբեր 08, 2011 | Կարապետ Ռուբինյան