Ինչու ես հանրահավաքում չեմ

Որոշել էի ոչինչ չգրել Կոնգրեսի` այս օրերին ընթացող շուրջօրյա ակցիաների մասին: Պատճառն այն է, որ խորապես հարգում եմ հանրահավաքի շարքային մասնակիցների քաղաքացիական ակտիվ կեցվածքը. հանուն արդարության նրանց ցուցաբերած անձնազոհության եւ պատրաստակամության առջեւ գլուխ եմ խոնարհում, ու չէի ուզենա մազաչափ անգամ վիրավորել նրանց` կասկածի տակ առնելով իրենց արարքի արդյունավետությունը: Նախորդող երեք-չորս, «ամսեկան» հանրահավաքներին էլ չէի գնացել ու մտադիր էի հանգիստ ու անաղմուկ, հեռվից հետեւել զարգացումներին եւ եթե ենթադրություններս ճիշտ են, ապա մասնակիցների մեծամասնությունը շատ շուտով ինքնուրույն կզգա` ինչն ինչոց է:
Բայց արի ու տես, որ թույլ չեն տալիս լռել: Սկզբում, դեռ ՀԱԿ-ի մեկնարկային հանրահավաքից 3 ժամ առաջ, երբ հյուրընկալվել էի «Ա1+»-ի «Պոստսկրիպտում» հաղորդաշարին, հեռուստադիտողներից մեկը հոխորտաց. թե բա ի՞նչ գործ ունեմ ստուդիայում, ինչո՞ւ հանրահավաքում չեմ: Հետո մի քանի ընկերներ զանգահարեցին Ազատության հրապարակից, թե՝ շուրջօրյա նստացույց հայտարարեցին, այդ չէ՞ր ուզածդ` վեր կաց, արի: Հաջորդ օրը YouTube-ում տեղադրված նույն «Ա1+»-ի հարցազրույցի տակ, ոմն specnazism, գրեց. «Պարոն Րուբինյան,դժգոհում էիք Լևոնից թե վճռական չի,հեղափոխական չի..Արդեն սկսել ա,դե եկեք ու միացեք ժողովրդին,հեղափոխությանը..Եթե իսկապես ազնիվ էք ու հեղափոխական..» (կետադրությունն ու տառասխալներն իրենն են): Իսկ այսօր ընկերոջս կինը, ազնիվ, ակտիվ ու պայքարին նվիրված մի անձնավորություն, չդիմացավ եւ Ֆեյսբուքում, անձնական պատիս նեղսրտած գրեց. «Կարո ջան, ուր ես? Րաֆֆիի չափ էլ չկանք?»: Երեւի կռահեցիք, խոսքն այն մասին է, որ «Ազատության ծոմ» հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելում էի, իսկ Լեւոնի շուրջօրյային չեմ գնում:
Դե ի՞նչ, ստիպված եմ նոր բացատրություններ տալ: Նոր, որովհետեւ նախկինում բազմիցս գրել եւ խոսել էի Լեւոն Տեր-Պետրոսյանին այլեւս չվստահելու իմ դրդապատճառների մասին` սկսած անձնականից, երբ համագումարում այնպիսի խաղ խաղացին գլխիս, որ ստիպված հայտարարություն անելով դուրս եկա ՀՀՇ-ից, հետո այս տարեսկզբի եգիպտական-գարնանային հեղափոխական ալիքը սպանելը` ինչը դրդեց ինձ դուրս գալ ՀԱԿ-ից եւ վերջապես «շախմատային բարդագույն կոմբինացիայի» իրագործումը, ինչի արդյունքում 2008-ի համազգային բնույթ ստացած շարժումը վերջնականապես քայքայվեց ու վերածվեց համարյա աղանդավորական հոսանքի:
Համաձայն եմ, հիմա էապես նոր փուլ է սկսվել եւ շարժման վերածննդի հույսեր են առաջացել:
Ու չնայած այդպես էլ չպարզվեց, թե ՀԱԿ-ի առաջնորդի համար սա ջրբաժա՞ն է, թե՝ ո՛չ այնքան. չէ՞ որ ուզում է զուգահեռաբար շարունակել երկխոսել ավազակների հետ…
Ու չնայած պարզ չէ նաեւ, պահանջո՞ւմ է նա Սերժի հրաժարականը, թե՝ ո՛չ այնքան. չէ՞ որ համառորեն պնդում է, որ այդ հարցում մաքսիմալիստ չէ ու պատրաստ է փոխզիջումների…
Ու չնայած պարզ չէ նաեւ, թե ի՞նչ է «որոշելու ժողովուրդը» շուրջօրյայի 5-օրյա ժամկետի ավարտին: Իսկ եթե երկխոսությունը վերսկսվի՞, կամ վերսկսվելու հույսեր առաջանա՞ն: Իսկ եթե Երեւանի «դեմքը» չխեղաթյուրելու հավաստիացումներ հնչե՞ ն Սերժի բերանից:
Չնայած ակնհայտորեն երեւում է, որ հանրահավաքների գերիշխող մոտիվը ոչ թե իշխանափոխություն իրականացնելու ուղիների փնտրտուքն է, այլ նախընտրական պոպուլիզմը… Մահացած ավանդատուների ավանդները ժառանգելու հեռանկարը ո՞ւմ չի ոգեւորի …
Չնայած այս ամենին, պետք է արձանագրել, որ ակտիվ քաղաքական դիրքորոշում ունեցող մեր համաքաղաքացիների մի ստվար հատված է հավաքվել Անկախության հրապարակում եւ օր ու գիշեր, չնայած ցրտին ու անձրեւին, այնուամենայնիվ, ազնվորեն, անկեղծորեն եւ, ի տարբերություն առաջնորդների, միանշանակ պահանջում է երկրում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրություններ:
Ուրեմն, ինչպե՞ս կարող եմ իբրեւ երկրի պատասխանատու քաղաքացի, անկախ նրանից, որ ինչ-ինչ պատճառներով չեմ կարող մասնակցել հանրահավաքներին կամ գիշերել Անկախության հրապարակում, չմիանա՛լ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, չհայտնե՛լ իմ համերաշխությունը ցուցարարների հետ:
Սիրելիներս, կմիանամ նաեւ բուն ակցիաներին, եթե համոզվեմ, որ կազմակերպիչները անկեղծ ջանքեր են գործադրում ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծել եւ ամբողջ հասարակությանը համախմբելու համար, քայլեր են ձեռնարկում հրաժարականը պահանջող բոլոր քաղաքական եւ հասարակական միավորումներին` այդ խնդիրը իրագործելու շուրջ համախմբելու ուղղությամբ եւ նրանց հետ համատեղ ու իրավահավասարության սկզբունքով համաձայնագրեր են մշակում հրաժարականին հաջորդող արտահերթ նախագահական ընտրությունները ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելուն ուղղված երաշխիքների վերաբերյալ:

10:09 Հոկտեմբեր 04, 2011

ejournal.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *