Երբ գալիս է սեպտեմբերը

Այս հոդվածս սկսեցի գրել սեպտեմբերի 1-ին` ճիշտ այն պահին երբ տանս դիմացի դպրոցի բարձրախոսից հնչեց Հայաստանի օրհներգը: Հետո լսվեց տնօրենի ողջույնի խոսքը, հրավիրյալ հոգեւորականի օրհնանքը, ձայների ինձ հասած պատառներից հասկացա, որ հոգաբարձուների խորհրդից ինչ-որ մեկը շնորհավորեց առաջին դասարանցիներին… Հիմա էլ լուսամուտիցս ներս են խուժում զվարթ մանկական երգի հնչյունները:
Այս կարգի համապետական, միասնական միջոցառումները, որքան էլ դրանք բյուրոկրատական երանգավորում ունենան եւ ուղեկցվեն ճռճռան խոսքերով, ստիպում են մեկ այլ հայացքով նայել պետության եւ հասարակության կենսագործունեությանը:
Ի վերջո, պետություններն իրարից տարբերող կարեւոր հանգամանքներից մեկը, եթե մի կողմ թողնենք դրանց աշխարհագրական առանձնահատկությունները, դրանց հասարակությունների միասնաբար եւ համերաշխորեն գործելու ունակության աստիճանն է եւ, անշուշտ, այդ գործունեության ուղղվածությունը: Պրիմիտիվ, կամ նոր կազմավորվող հասարակություններում, որոնք արդեն ունեն պետականություն, բայց քաղաքացիները դեռ մեծամասամբ չունեն պետության քաղաքացի լինելու անհատական զգացողություն, միասնական գործողությունները կանոնակարգվում ու սահմանափակվում են կառավարության ստանդարտ, համընդհանուր ճանաչում գտած գործառույթներից բխող հրահանգների կատարումով` պետական տոներ, ուս. տարվա սկիզբ, զորակոչ ու զորացրում, վակցինավորում, եւ այլն: Սրանք են, առայժմ, մեր հասարակության միասնական գործունեության պատճառներն ու շրջանակը: Ու չնայած, որ մեր նորագույն պատմության ընթացքում ունեցել ենք հասարակական միասնական գործունեության երկու շատ վառ դրսեւորումներ, որոնցից առաջինը` Սարդարապատի հերոսամարտը, ըստ էության, հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ երկրորդը` Հայոց համազգային շարժումը, ազատագրեց Արցախը եւ վերականգնեց հայոց պետականությունը, խոսել այն մասին, որ այժմ ունենք հասունացած հասարակություն, որը իր միասնական գործողություններով առաջ է մղում երկիրը, զարգացնում է պետությունը, ցավոք, դեռ չենք կարող: Չենք կարող ոչ այն պատճառով, որ հասարակությունը պատրաստ չէ դրան, այլ այն, որ առայժմ ուժ չի գտնում իր մեջ իրեն արժանի ավանգարդ` առաջնորդող ուժ ձեւավորելու համար:
Թե՛ ներկայիս կառավարության խեղճուկրակ ու անկեղծությունից զուրկ փորձերը գոնե մի քիչ վեր կանգնել ստանդարտ գործառույթների հարթությունից ու հասարակությունը համախմբել պետական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման շուրջ, թե՛ ընդդիմության անհետեւողական ջանքերը երկրում օրինականությունը վերականգնելու ուղղությամբ, առայժմ բախվում են ազգային-պետական զարգացման արգելք դարձած, երկրում իշխանությունը յուրացրած սերժսարգսյանական հանցավոր խմբակի ու նրան սպասարկող օլիգարխիկ կլանների կառուցած անանց թվացող պատնեշին:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների այժմ ընդհատված երկխոսությունը այդ պատնեշի հետ, որի վերաբերյալ մեզ համառորեն փորձում էին համոզել, որ այն, ինչ-որ հրաշքով, կարող էր ավարտվել Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականով, ինձ համար առիթ դարձավ հիշելու մի հին, դեռ խորհրդային ժամանակների անեկդոտ.
ԽՍՀՄ-ից Իսրայել ներգաղթած ծեր հրեան ամեն Աստծո օր գնում է Երուսաղեմի Լացի պատի մոտ ու ժամերով ինչ-որ բան մրմնջում: Սա առաջացնում է հեռուստալրագրողներից մեկի հետաքրքրությունը, որը մոտենալով Պատի մոտ կանգնած հրեային հարցնում է. «Այ դուք ամեն օր գալիս եք Պատի մոտ աղոթելու: Ի՞նչ զգացմունքներ ունեք:» Ծեր հրեան պատասխանում է. «Գիտեք, այնպիսի զգացողություն ունեմ, կարծես պատի հետ եմ խոսում:»
Հայաստանյան հասարակության մեծ մասը հենց այդպիսի զգացողությամբ ընկալեց Կոնգրեսի` իշխանությունների հետ երկխոսություն սկսելու մասին խանդավառ հայտարարությունները: Որպես սպասելի արդյունք ստացանք ոչինչ, բացի հիասթափվածների նոր ալիքից:
Այսօր, երբ մեկնարկ տրվեց ոչ միայն նոր ուս. տարվան, այլեւ Կոնգրեսի հայտարարած «ջրբաժանային» միամսյակին, ինձ եւ հուսով եմ հասարակության քաղաքականապես ակտիվ մնացած շերտերին, հուզում են հետեւյալ հարցերը.
Կշարունակեն արդյո՞ք ընդդիմության առայժմ ամենագործունակ հատվածի` ՀԱԿ-ի առաջնորդները ավազակապետության դեմ պայքարի, դեռ տարեսկզբից սկսած իմիտացիան, թե ուժ կգտնեն իրենց մեջ վերանայելու իրենց մոտեցումները եւ քայլեր անելու ողջ հասարակությանը համախմբելու ու միասնական պայքարի հանելու ուղղությամբ:
Եթե ոչ, ապա կգտնի արդյո՞ք հասարակությունը այնպիսի ներուժ, որ «երեք նախագահների բերմուդյան եռանկյունուց» դուրս ձեւավորի նոր` հանուն երկրի զարգացման իրապես պայքարող ավանգարդ:

Կարապետ Ռուբինյան
ejournal.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *