Մամլո հաղորդագրություն

2008թ. նոյեմբերի 3-ին եղել եմ “ԱՐ” հեռուստաընկերության “Ճանապարհ” խորագիրը կրող հաղորդման հյուրը: Պարտքս եմ համարում հայտնել հայ հասարակությանը, որ նյութը գրաքննվել է: Այն, նույն օրը` ուշ երեկոյան, ու հաջորդ օրը` կեսօրին մոտ, հեռարձակվել է էական կրճատումներով:

Հանվել են Սերժ Սարգսյանի “թրջված հեղինակությանը”, Քոչարյան-Սարգսյան զույգի կազմակերպած ՀՀ նախագահի խայտառակ ընտրությունների արդյունքում Հայաստանը Ադրբեջանին հար եւ նման բռնապետական երկիր դարձնելու մասին, ինչպես նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարության “Ա1+” հեռուստաընկերությունը թվայնացման ծրագրի միջոցով հերթական անգամ եթերազրկելուն վերաբերող հատվածները:

Միաժամանակ երկու հեռուստաընկերություն ունենալու հաճույքը վայելող Վարդանյանների “հայրենասեր” ընտանիքին ծառայող հեռուստափինաչիները անշուշտ հասկանում են, որ զազրելի արարք են կատարել: Բա ի՞նչ անեն: Հենց որ չափն անցնեն` իրենց “կփակեն”:

Չափը մի անցեք, սիրելիներս, գնացեք ռեպորտաժներ արեք փղերի հարսանիքներից, “Գրանդ եսիմինչների” համբալների մրցույթներ կազմակերպեք, միայն հանգիստ թողեք հայոց բախտն ու ճակատագիրը, թոզ մի փչեք հասարակության աչքերին:

Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, հաղորդումը վարող Ա. Պեպանյանը գրաքննության հետ կապ չունի` նա ինձ հետ միասին լքեց հեռուստաընկերությունը: Բայց բարոյական պատասխանատվություն անշուշտ կրում է հավասարապես:

Կարապետ Ռուբինյան
04.11.2008թ.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *